Սողանքների կառավարման խնդիրը և հայ-ճապոնական համագործակցությունը
Այլ
Սողանքների կառավարման հիմնախնդիրները քննարկելու նպատակով մայիսի 14-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ հանդիպում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) “Սողանքների կառավարման պլանավորում” ծրագրի պատվիրակության հետ:
Ողջյունելով հյուրերին ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ալեքսան Կարապետյանը կարեւորեց քաղաքաշինության ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը՝ ընդգծելով աղետների կանխարգելման գործում ճապոնական փորձը:
Իր հերթին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության պատվիրակության ղեկավար Յուկիկո Էջիրին հույս հայտնեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համագործակցությունն արդյունավետ կլինի եւ ՃՄՀԳ սողանքների կանխարգելման ծրագրի հետազոտողներին կհաջողվի հայ գործընկերների հետ մշակել սողանքների կառավարման արդյունավետ ծրագիր:
ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը սողանքների կանխարգելման գործում ընդգծեց այլ գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքի կարեւորությունը, տարածքային պլանավորման եւ հողհատկացումների հետ կապված հիմնախնդիրները:
Հանդիպման ընթացքում նշվեց, որ սողանքային աղետի կառավարման նոր հայեցակարգի մշակման ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են իրականացվում, որում ընդգրկված ՀՀ քաղաքաշինության նախարարության մասնագետներն ակտիվ մասնակցություն ունեն: Սողանքների բացահայտման, դասակարգման եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործում հայկական կողմը կարեւորեց ժամանակակից մեթոդների, տեխնոլոգիաների կիրառումը:
Տեղեկացնենք, նաեւ որ մայիսի 16-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ՃՄՀԳ հետազոտողների հետ հանդիպումը կկայանա արդեն մասնագետների մակարդակով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան