Պետությունն ունի մի տարբերակ
Քաղաքական
Օրեր առաջ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի գնի փոփոխման վերաբերյալ առաջարկով։
Գործող սակագինը յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետրի համար 132 000 դրամ է (ներառյալ ԱԱՀ), իսկ «ՀայՌուսգազարդ»-ը հանդես է եկել առաջարկով, որ գազի գինը նույնքան խորանարդ մետրի համար դառնա 221 000 դրամ։
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի սակագինը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ գազի գինը հաստատ բարձրանալու է։
ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ գազի գնի բարձրացմանն այլընտրանք չկա։
«Գազը մեր սեփական հումքը չէ, սակայն բավականաչափ տևական ժամանակ հայկական կողմն արտոնյալ սպառող է հանդիսացել։ Բայց հիմա միջազգային հանրությունում ցանկալի և ընդունելի չէ, որ Հայաստանը գազը վերցնի ավելի ցածր գնով։ Պետությունն, ըստ էության, ունի մի տարբերակ՝ փոխհատուցել գազի գինը»,-ասաց Բոստանջյանը՝ հավելելով, որ դա գրեթե անհնար է, քանի որ կառավարությունն այդ հնարավորությունը չունի։
Բոստանջյանի խոսքերով՝ կառավարությունը չունի մեծ եկամուտներ, չունի այնպիսի ազատ և երկար փողեր, որպեսզի կարողանա լուծել գազի գնի փոխհատուցման խնդիրը։
«Գազի գնի բարձրացման հետևանքով բոլոր այն ապրանքատեսակներն ու ծառայությունները, որոնք ենթադրում են գազի օգտագործում անպայման թանկանալու են»,-ասաց Վարդան Բոստանջյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան