«Տղամարդը տանն անհրաժեշտ մանրուք է»
Հասարակություն
Վերջերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Գրիգոր Աղախանյան, Իրինա Դանիելյան և Լևոն Հարությունյան եռյակը վերսկսեց իրենց “Ջին ջան” ներկայացումը՝ նոր, թարմացված սցենարով: Պիեսի հեղինակ՝ Քրիստ Մանարյան, բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի:
Մայիսի 14-ին ժամը 19-ին գերմանական ճշտապահությամբ սկսվեց ներկայացումը, որի պրեմիերան կայացել էր դեռևս 2012 թվականի փետրվարին: Չնայած ներկայացումը հանդիսատեսին անծանոթ չէր, այնուամենայնիվ բոլոր նստատեղերը զբաղված էին՝ բացառությամբ մի քանիսի: Հանդիսատեսից շատերը, ինչպես ներկայացման ընթացքում հասավ ArmStar.am-ի լրագրողի սուր ականջին, ներկայացումը դիտելու էին եկել երկրորդ անգամ: Ավելին, երբեմն լսվում էին նման խոսքեր. «Աաաաա՜, նայի հեսա ասելու ա՝ տղամարդը տանը անհրաժեշտ մանրուք է... Հեսա էլի հենվելու ա ու ընկնի» և այս խոսքերին հաջորդում էր լիաթոք ծիծաղ: Իսկապես, ներկայացումը հաջողված էր թե՝ սցենարի առումով և թե՝ կազմակերպվածության ու պատրաստվածության: «Ջին ջան»-ը հայկական ներկայացումներից այն քչերից էր, որտեղ հանդիսատեսը մեծ ցանկության դեպքում անգամ չկարողացավ կողքինին պատմել իր կյանքը և կենսագրությունը, քանի որ մինչ ծիծաղից հանգստանում էր, դրան հաջորդում էր մի նոր փռթկոց:
Ինչ վերաբերում է ներկայացման ժանրային ուղղվածությանը, ապա պետք է նշել, որ այն լիրիկական կատակերգություն է, որում տիպիկ ներկայացված են կին-տղամարդ փոխհարաբերությունները, կանանց՝ սին ու անհասկանալի ցանկությունները, որոնք երբեմն անիրագործելի են անհասկանալի լինելու պատճառով, տղամարդկանց շահամոլությունը և այլն: Իր գեղեցկությամբ բեմը զարդարող միակ կինը Իրինա Դանիելյանն էր, ով ներկայացման ընթացքում հանդես էր գալիս Վիկա անվամբ, իսկ նրա «ասպետը»՝ Ջինը, Գրիգոր Աղախանյանն էր, ով հրաժարվեց Ջին լինելուց՝ հանուն իր սիրելիի: Դե ո՞ր մի ջինը չէր խոնարհվի Իրինա Դանիելյանի գեղեցկության և պրոֆեսիոնալ խաղի առաջ: Կարևոր ու անփոխարինելի էր նաև Լևոն Հարությունյանի դերը, ով հանդես էր գալիս Ժոֆրեյ անվամբ: Նա մարմնավորում էր շահամոլ և օտարամոլ, փառասեր ու փողասեր այժմյան քաղաքացիների կերպարը:
Ներկայացման ընթացքում պարբերաբար անդրադարձ էր կատարվում կայացած ընտրություններին, որոնք նույնքան թափանցիկ ու արդար էին, որքան Ժոֆրեյն իր գործողություններում:
Ներկայացումը համեմված էր Գրիգոր Աղախանյանի ձեռքի հումորային ու գեղեցիկ աճպարարությամբ: Հետաքրիր է, Գրիգորը մինչ այժմ փայլել է որպես հումորիստ, երգիչ, շոումեն, բայց այս ներկայացման շնորհիվ բացահայտեցինք նաև «ֆոկուսնիկ» Գրիգոր Աղախանյանին, ով ողջ ներկայացման ընթացքում հետաքրքիր աճպարարություն էր ցուցադրում' անակնկալի բերելով հանդիսատեսին:
Եթե Դուք բավականաչափ տխրեցիք, որ ArmStar.am-ի լրագրողի հետ միասին չեք վայելել այս ներկայացումը և զուրկ եք մնացել ադրենալինի բավարար քանակից, ապա շտապեմ տեղեկացնել, որ մայիսի 21-ին ժամը 19-ին կատակերգությունը կրկին կներկայացվի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Ներկայացրեց Աշխեն Մնացականյանը/ArmStar.am/


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան