«Ռեալը» ձախողեց մրցաշրջանը, «Աթլետիկոն»՝ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում «Ռեալը» և «Ատլետիկոն» վիճարկեցին Իսպանիայի գավաթը:
Հիմնական ժամանակի 90 րոպեների ընթացքում մադրիդյան թիմերը չպարզեցին հաղթողին՝ 1:1: Մեկնարկից 14 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց «Ռեալին»: Պատասխան գնդակը տեսնելու համար երկրպագուները ստիպված եղան սպասել 21 րոպե։ Այս անգամ աչքի ընկավ «Ատլետիկոյի» առաջատարներից Դիեգո Կոշտան:
Լրացուցիչ 30 րոպեներին ուժեղ գտնվեցին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները։ Հանդիպման 99-րդ րոպեին Միրանդան խփեց իր թիմի հաղթական գոլը: Սա «Արքայական ակումբի»՝ գավաթի եզրափակիչներում կրած 4-րդ պարտությունն էր՝ սեփական հարկի տակ:
Հանդիպման վերջնամասը վերածվեց «պատերազմի»՝ «Ռեալի» պահեստայիններն ընդդեմ «Ատլետիկոյի» մարզչի և պահեստայինների:
Նշենք, որ «Ռեալը» 75-րդ րոպեին մնաց առանց գլխավոր մարզչի. Ժոզե Մոուրինյուն հեռացվեց խաղադաշտից: Իսկ 114-րդ րոպեին Մոուրինյուի օրինակին հետևեց և խաղադաշտից հեռացվեց Կրիշտիանու Ռոնալդուն: Կարմիր քարտից զերծ չմնաց նաև «Ատլետիկոն»։ 120–րդ րոպեին հեռացվեց Գաբին:
Բացի կարմիր քարտերից խաղի ընթացքում գրանցվեց նաև 12 դեղին քարտ:
Այս խաղից հետո պարզ դարձավ, որ «Ռեալը» վերջնականապես ձախողեց մրցաշրջանը՝ մնալով առանց որևէ մրցանակի, իսկ դա «Արքայական ակումբի» կարգի թիմի համար ուղղակի անթույլատրելի պետք է համարել։ Այս խաղը նաև պետք է «ուժգին ապտակ» համարել առաջին հերթին «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար. սա այն չէր, ինչ խոստացել էր Ժոզեն «Ռեալի» երկրպագուներին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան