ՀԵՀ-ն ու «Լույսը» կհամագործակցեն
Այլ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ու «Լույս» հիմնադրամի նախաձեռնությամբ կիրականացվի ծրագիր՝ ուղղված մարզային երիտասարդության շրջանում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը:
Այսօր ՀԵՀ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում կենտրոնի կամավորները «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին տեղեկացրին, թե մարզում երիտասարդներն ինչ հիմնախնդիրներ ունեն: Նրանք առանձնացրին երիտասարդների զբաղվածության, ժամանցի կազմակերպման, մասշտաբային ծրագրերի անցկացման հարցերը:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ՀԵՀ-ի մարզային կենտրոններն ակտիվացնելու և երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը նպաստելու համար «Լույս» հիմնադրամի ծրագրերով արտասահմանյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացած երիտասարդները ամառային արձակուրդների ընթացքում կամավոր հիմունքներով ծրագրեր կիրականացնեն գյուղերում՝ պարզելու, թե ինչպես կարելի է լուծել մարզի երիտասարդության հիմնախնդիրները: Նա շեշտեց, որ այս ծրագիրն ուղղված է հիմնականում գյուղերում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը, այնուհետև հավելեց. «Մենք «Լույսի» հետ զուգահեռ գործել ենք, և երբևէ մեր ծրագրերը չեն խաչվել: Ուստի անհրաժեշտություն առաջացավ օգտագործել «Լույսի» պոտենցիալը ընդհանուր գործի մեջ, քանի որ ի վերջո նպատակն ու վերջնակետը նույնն է՝ զարգացած երիտասարդություն և զարգացած համայնք: Մյուս կողմից էլ այն երիտասարդները, որոնք արտասահմանում կրթություն են ստացել, պիտի դառնան մեր շրջապատի մարդիկ: Այսպիսի ծրագրերը հնարավորություն են տալիս, որ այդ երիտասարդները չկտրվեն մեր հասարակությունից: Այլ բան է նրանք գալիս են այստեղ՝ որպես դիտորդ, մեկ այլ բան, երբ գալիս են որպես մեզանից մեկը»:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն էլ առաջարկեց ՀԵՀ-ի հետ համատեղ իրականացնել նաև մի նախագիծ, որի շրջանակներում երիտասարդները կստեղծեն վավերագրական ֆիլմեր, որոնց միջոցով կներկայացվի ՀՀ գյուղերի պատմությունը, ավանդույթները հերոսներին՝ ստեղծելով երիտասարդների և ավագ սերնդի ներկայացուցիչների միջև երկխոսություն: Ժ. Կարաասլանյանւ նշեց, որ այսպիսի ծրագրերը խթանում են արտասահմանյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացող երիտասարդների վերադարձը Հայաստան: Նա նաև նշեց, որ արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորած երիտասարդների 54 տոկոսը վերադառնում է Հայաստան, այդ թվում' սփյուռքի հայ երիտասարդությունը: Ժ. Կարաասլանյանը նաև տեղեկացրեց, որ հայ երիտասարդների' հայրենիք վերադարձը ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանը ներկայացնել որպես հնարավորությունների երկիր, որ մարդիկ հասկանան՝ երբ գան Հայաստան, իրենց գիտելիքները կարող են կիրառել ու մասնակցել երկրի զարգացմանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան