Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով չի ձևավորվի
Քաղաքական
Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը:
Մինչ քվեարկությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին:
«Նախագիծը բազմիցս քննարկվել է, դեռևս կան խնդիրներ, որոնք մեր կողմից նաև օրինականության խնդիր գոյություն ունեն»,-ասաց Սահակյանը:
Գագիկ Ջհանգիրյանն իր հերթին նշեց, որ քաղաքական մեծամասնության ներկայացրած առաջարկություններն ընդհանուր առմամբ 7-ն են եղել, որից վեց ու կեսն ընդունվել է: «Չի ընդունվել միայն նախագծի երրորդ կետի գ ենթակետի վերաբեյալ այն առաջարկությունը, համաձայն որի՝ ժամանակավոր հանձնաժողովը չպետք է իրավունք ունենա նաև հանձնաժողովի նիստերին հրավիրել քննիչներին, օպերատիվ աշխատողներին և նրանց հարցեր ուղղել: Ասեմ, որ ի սկզբանե այս կետից առաջարկվում էր հանել միայն դատախազներին, և դատախազների դրույքը հանելու վերաբերյալ նախագծի հեղինակներն ընդունել են ֆորմալ իրավական հիմքով»,-ասաց Ջհանգիրյանը:
Ելույթով հանդես եկավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Ես ցանկանում եմ հիշեցնել բոլորին, որ այստեղ դեկտեմբերի սկզբին, մենք ստացանք մեծամասնությունից հրապարակային երաշխիքներ առ այն, որ ընտրական ցիկլի ավարտից հետո ՀՀԿ-ն քվեարկելու է հօգուտ հանձնաժողովի ստեղծմանը: Ընդ որում, հանձնաժողովի ստեղծման նախագիծը ընդունվել էր միաձայն հանձնաժողովում»,-ասաց խմբակցության ղեկավարը:
Նախագիծն արդյունքում չընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեցին 48, դեմ` 57, ձեռնպահ` երկուսը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան