Ռեժիմն իր վրա վերցրեց Մարտի 1-ի հանցագործության պատասխանատվությունը. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր շարունակեց քառօրյա նիստի աշխատանքները։ Ըստ կանոնակարգ օրենքի՝ այսօր ԱԺ խմբակցությունների հայտարարությունների օրն է։
Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Վերջինս խոսեց Մարտի 1-ի հանձնաժողով ձևավորելու նախագծի տապալման մասին։
«2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործությունը, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հրաման տվեցին կրակելու սեփական ժողովրդի վրա, ստեղծել է բարոյական ջրբաժան, որը թույլ չի տալու մեր հասարակությանն առաջ շարժվել այնքան ժամանակ, մինչև չեն պատժվել մարդասպանները և նրանց հրաման տված պաշտոնյաները։ Մարտի 1-ի հանցագործությունը ջրբաժան է ժողովրդի և պետական իշխանության միջև, որևէ իշխանություն երբեք չի կարողանա լեգիտիմ լինել և վայելել ժողովրդի վստահությունը, եթե մինչև վերջ պարզված չլիներ սպանությունների հանգամանքներն ու պատժված չլինեին հանցագործները։ Այդ է պատճառը, թե ինչու ՀԱԿ-ը հետևողականորեն հետապնդում է Մարտի 1-ի բացահայտման դատը։ Իրավապահ մարմինների ապօրինություններն ուսունասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու Կոնգրեսի օրինագիծը ստացավ հանրության և խորհրդարանում ներկայացված ուժերի լայն աջակցությունը։ Հասկանալով նախագծի մերժման պատասխանատվությունը ստանձնելու հետևանքները՝ ՀՀԿ-ն դեկտեմբերի 3-ին հրապարակային երաշխիք տվեց, որ կհամաձայնվի հանձնաժողովի ստեղծմանը, եթե օրինագծից հեռացվեն քաղաքականացման տպավորություն առաջացնող դրույթները և հարցի քննարկումը տեղափոխվի ընտրություններից հետո նույնպես այն նպատակով, որ նախագահական ընտրությունների նախօրեին հարցը չդառնա քաղաքական շահարկումների առիթ։
ՀԱԿ-ը, ղեկավարվելով ճշմարտությունը բացահայտելու անհարժեշտության գիտակցումով, ինչպես նաև՝ ընդդիմախոսների դիրքորոշումը որևէ տրամաբանական հիմնավորումից զրկելու նպատակով, համաձայնեց ՀՀԿ-ի տված երաշխիքներին։
Մայիսի 20-ին երկարատև բանակցություններից հետո ՀՀԿ-ն բացեիբաց դրժեց հրապարակայնորեն տված խոստումները՝ առաջ քաշելով նոր պայմաններ, որոնք արժեզրկում էին հանձանաժողովը որպես ճշմարտության բացահայտման գործիք։ Սրանով ռեժիմը ցույց տվեց, որ սարսափում է ճշմարտության բացահայտումից, և օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների միջոցով իր վրա վերցրեց Մարտի 1-ի հանցագործության և նրա պարտակման ամբողջ պատասխանատվությունը։ Ըստ էության, ՀԱԿ-ը ելնելով հանրության շահերից և ունենալով ընդդիմադիր այլ ուժերի աջակցությունը՝ առաջին անգամ ԱԺ-ում պայմանավորվածություն ձեռք բերեց ՀՀԿ-ի հետ, վերջինիս պահվածքը, սակայն, ցույց տվեց, որ մենք գործ ունենք անսկզբունքային, սեփական խոսքը չհարգող քաղաքական ուժի հետ։ Հրապարակայնորեն տրորելով բարոյականության բոլոր նորմերը՝ ՀՀԿ-ն խաբեց ոչ թե ընդդիմությանը, այլ ամբողջ հանրությանը, որի առջև պարտավորվել էր նպաստել Մարտի 1-ի բացահայտման բացահայտմանը։ ՀՀԿ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ որևէ բանակցություն անիմաստ է»,-ասաց Լևոն Զուրաբյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան