Տիրոջ շնորհները, սէրը եւ աստուածային սրբարար զօրութիւնը թող լինեն ամէնքիդ հետ այսօր եւ միշտ. ամէն
Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝
ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ
Լուսոյ խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով ողջունում եւ Մեր օրհնութիւնն ենք բերում ուսումնական հաստատութիւնների շրջանաւարտներին «Վերջին զանգի» տօնական առիթով:
Սիրելի շրջանաւարտներ,
Աւարտելով ուսումնառութեան շրջանը՝ դուք այսօր Տիրոջ կամքով կեանքի մի նոր հանգրուանի էք հասել: Ձեր առջեւ բացւում են լայն ճանապարհներ, որոնցով դուք՝ երիտասարդներդ պիտի ընթանաք դէպի իրագործումը նուիրական Ձեր իղձերի ու երազանքների: Նոր յաջողութիւնների ու ձեռքբերումների ճանապարհներին ձեր առջեւ յառնելու են նաեւ նոր խնդիրներ, գուցէ եւ՝ դժուարութիւններ: Ահա թէ ինչու բոլոր այդ ճանապարհների համար սաղմոսերգուն պատուիրում է Տիրոջ խօսքով առաջնորդուել. «Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթէ ոչ Քո խօսքերը պահելով» (Սաղմոս 118:9):
Մեր աղօթքն է, որ Ամենակարող Տէրը զօրացնի Ձեզ հաւատքով եւ իմաստութեամբ շնորհազարդի՝ գտնելու կեանքի ճշմարիտ ճանապարհները, լինելու ազնիւ զաւակներն ու արժանաւոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Մաղթում ենք ձեզ բարի եւ լուսաւոր ապագայ, արդար ու քաջարի գործեր:
Հայրապետական մեր սէրն ու գնահատանքն ենք բերում նաեւ կրթութեան ոլորտի երախտաւոր մշակներին եւ ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել մեր ժողովրդի զաւակներին կրթելու եւ բարձր արժանիքներով դաստիարակելու համար:
Տիրոջ շնորհները, սէրը եւ աստուածային սրբարար զօրութիւնը թող լինեն ամէնքիդ հետ այսօր եւ միշտ. ամէն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան