Անձրևաջրերը լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները
Արտակարգ Պատահար
Այսօր Երևանում տեղացած առատ անձրևը կրկին մի շարք խնդիրներ է առաջացրել քաղաքացիների համար: Անձրևաջրերը լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները:
Ինչպես հայտնում է Լուրեր.com-ի թղթակիցը, նույն իրավիճակում է հայտնվել նաև անցած շաբաթ ջրով ծածկված Վաղարշյան 18 հասցեում գտնվող «Ժարդին» խանութ-սրահը: Այս անգամ, բարեբախտաբար, խանութում մարդ չի եղել, այս պահին այնտեղ աշխատում են փրկարարները:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղացած անձրևի հետևանքով նշված խանութում էր մնացել վաճառողուհին, և քաղաքացիներն իրենց ուժերով կոտրել են խանութի պատուհանափեղկը և դուրս բերել մինչև կոկորդը ջրի մեջ գնտվող վաճառողուհուն։
Նշենք նաև, որ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 28-ին` ժամը 14.10-ի սահմաններում, ճգնաժամային կառավարման կետնրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները: Ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:
Ժամը 16.20-ի դրությամբ հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները կատարում են ջրահեռացման աշխատանքներ Մաշտոցի պողոտայի գետնանցումի մոտակայքում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան