Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ Ռումինիայում
Արտաքին Քաղաքական
Բուխարեստում տեղի ունեցան Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ, որոնք համատեղ կազմակերպել էին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը, Ռումինիայի Հայոց թեմը և Ռումինիայի Հայոց միությունը:
Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցված պատարագից և Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին Զորավար Անդրանիկի հուշարձանին:
Տոնական միջոցառումները շարունակվեցին «Դուդյան» մշակութային կենտրոնում բացված ցուցադրությամբ, որում ներկայացված էր Հայաստանի առաջին Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական գրագրության, Բուխարեստում Հայաստանի հյուպատոսության կողմից տրամադրված անձնագրերի, կացության քարտերի, շրջակա երկրներում հայկական դիվանագիտական հիմնարկների արխիվային փաստաղթերի եզակի հավաքածու:
Ցուցադրությանը հաջորդեց հանդիսավոր միջոցառում, ուր ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ.Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Օրվա հիմնական բանախոս, ճանաչված գրող և լրագրող Վարդան Առաքելյանն արխիվային հետազոտությունների հիման վրա, որ նա ամփոփել է այս տարի լույս տեսած իր «Պատմությունը և իր ուրվականները. Հայկական հարցը ռումինական դիվանագիտական արխիվներում» աշխատության մեջ, մանրամասներ ներկայացրեց 1920թ. Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Բուխարեստում Հայաստանի Գլխավոր/պատվավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ:
Միջոցառումն ուղեկցվեց գեղարվեստական ծրագրով. ելույթ ունեցան երգչուհի Վիկտորյա Պետրոսյանը և Ռումինահայոց միության «Վարդավառ» պարախումբը: Օրվա խորհրդին ընդառաջ Բուխարեստի «Արարատ» հրատարակչության կողմից տպագրվել էր «Հայաստանի առաջին հանրապետություն, 28 մայիս 1918» վերտառությամբ գրքույկ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում