Այսօր Արծվի արձանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացավ
Արտակարգ Պատահար
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի հանձնարարականով Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Լևոն Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, բախվել էին «Mercedes Sprinter» մակնիշի՝ C 678 XK – 34 համարանիշի և «ВАЗ 21101» մակնիշի 24 ՏՏ 112 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ «Mercedes Sprinter»-ը վարել է ՌԴ քաղաքացի, Վոլգոգրադ քաղաքի բնակիչ 48-ամյա Կամո Հովհաննիսյանը, իսկ վիրավորների մի մասը՝ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի բնակիչ 37-ամյա Արման Այվազյանն է, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Մանվել Մնացականյանը: Մյուս վիրավորներն են Նինա Գրիգորյանը, 61-ամյա Արմինե Սահակյանը, երկու երիտասարդ տղաներ՝ Գևորգ և Տիգրան անուններով:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 61-ամյա Արմինե Սահակյանը քիչ առաջ մահացավ:
Նշված անձինք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Ելենա Օխիկյանը, Եղեգնաձոր քաղաքի բանկիչ 51-ամյա Աշոտ Ռաֆյանը, Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա Հայկանուշ Սահակյանը:
Բոլոր անձանց բնակության հասցեներն ու տվյալները, ինչպես նաև «ВАЗ 21 011» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը ոստիկանությունը պարզում է:
Բախման հետևանքով «Mercedes Sprinter»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել ճանապարհի մայթեզրից դուրս:
Բոլոր վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարական վարչության Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը և Աբովյանի բժշկական կենտրոնի մի քանի բրիգադներ:
Վթարի վայր էր ժամանել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արման Ցոլակյանը, Նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Արշակ Վարդանյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը:
Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վալենտին Պապյանի, Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Առաքելյանի և Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան