Պարտիզան իշխանություններ
Քաղաքական
«Օրեր առաջ Գորիսում տեղի ունեցած դեպքերը ամենաթողության արդյունք էին, որովհետև ամեն ինչ մեր չինովնիկներին իշխանությունը մինչև վերջ թույլատրում է»։ Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը։
«Սա առաջին դեպքը չէ՝ ո՛չ չինովնիկների, ո՛չ օլիգարխների առումով։ Ոչ միայն իշխանություն արդեն չկա, այլև պետական համակարգ չկա։ Մարդու տանը մարդ են սպանել. հիմա մեղավոր է, մեղավոր չէ, իշխանությունը լուռ է, պետական ապարատը լուռ է. մարդն ինքն իրեն արձակուրդ է տվել ու կորել»,-ասաց Կարապետյանը։
Հարցին, թե ինչ է կարծում՝ արձակուրդից հետո կշարունակի պաշտոնավարել Սուրեն Խաչատրյանը, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ։ Հայաստանում ամեն ինչ այսօր հնարավոր է։ Հայաստանում որևէ տրամաբանություն այսօր չի աշխատում։ Իշխանությունն ամբողջությամբ դարձել է պարտիզան։ Նրանք, իմ կարծիքով, լինում են միայն Խոսրովի անտառներում, որովհետև որևէ հարցի վերաբերյալ մենք որևէ տրամաբանական պարզաբանում իշխանություններից չենք լսում՝ գազի, օֆշորների, ատկատների, սպանությունների հետ կապված։
Կարող է՝ պատերազմ են սկսել, իրենք պարտիզան են, մենք տեղյակ չենք։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի, տրամաբանությունն ասում էր, որ արդեն պետք է չպաշտոնավարեր Սուրեն Խաչատրյանը, շատ վաղուց չպետք է պաշտոնավարեր, բայց փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ բոլոր հարցերը լուծվում են անհասկանալի տրամաբանությամբ, այսինքն՝ տրամաբանությունից զուրկ են բոլոր որոշումները»,-ասաց Արամ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացավ, ևս երկուսը՝ վերջինիս եղբայր Արտակ Բուդաղյանը, ով N զորամասի հրամանատար է, և Սյունիքի մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը, ստացան հրազենային վնասվածքներ և տեղափոխվեցին հիվանդանոց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան