Իշխանության երկվություն
Քաղաքական
Ազգային ժողովի այսօրվա նիստում շարունակվեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումը։
Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը 20-ամյա պետական պաշտոնավարության ընթացքում, ռուսական և հայկական լրատվամիջոցների համաձայն, դարձել է Հայաստանի խոշորագույն սեփականատերերից մեկը։ Նա փնտրում, փնտրում և այդպես էլ չի գտնում, թե ովքեր են այն ավազակները, որ այդպես անխնա կերպով թալանում են մեր հայրենիքը՝ ՀՀ-ն։
Վարդան Այվազյանը, ում անունը բնապահպանության նախարար եղած տարիներին կապվել է երրորդ հանրապետության ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալի հետ պահանջում է բացահայտել և պատժել բոլոր կոռուպցիոներներին։
Վերահսկիչ պալատի բացահայտումները վերաբերում են Տիգրան Սարգսյանի կառավարությանը, ով, հայտնված լինելով օֆշորային խայտառակ սկանդալի կիզակետում, առիթը բաց չի թողնում խոսել կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ կառավարման մասին, մինչդեռ հենց իր՝ ԿԲ նախագահ լինելու տարիներին էր, որ Հայաստանը զրկվեց ոսկու պաշարներից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀԱԿ պատգամավորի խոսքերով՝ ինքն այս երևույթը կարող է համարել միայն իշխանության երկվություն։
«Այս իշխանությունը հա՛մ կոռումպացված է, հա՛մ պայքարում է կոռուպցիայի դեմ, ապօրինի է, հա՛մ պայքարում է ապօրինության դեմ, հա՛մ 2008 թվականի մարտի 1-ին գնդակահարել է Հայաստանի քաղաքացիներին, հա՛մ շահագրգռված է այդ սպանությունները բացահայտելու գործում, հա՛մ մեծացնում է աղքատությունը, համ պայքարում է աղքատության դեմ, հա՛մ քաղաքացիներին ստիպում է արտագաղթել, հա՛մ պայքարում է արտագաղթի դեմ։
Ինչպե՞ս ուրեմն բացատրել այս ֆենոմենը. բացատրությունը, կարծում եմ, պարզ է։ Սրանով իշխանությունը երկու հարց է լուծում. նա հասկացել է, որ ակնհայտ փաստերի ժխտումը կաթիլ առ կաթիլ լցնում է ժողովրդի համբերության բաժակը և, ի վերջո, անխուսափելիորեն պայթում որպես քաղաքացիական ընդվզում։ Այսպիսով, ուրեմն, նրանք գոլորշի են բաց թողնում և, ըստ էության, կոռուպցիայի դեմ պայքարը մտցնում են փակուղի։ Այդ մեթոդը, ի դեպ, Տիգրան Սարգսյանը շատ լավ կիրառում է օֆշորային սկանդալի կապակցությամբ։
Ինչ փաստարկ, փաստաթուղթ, ապացույց ուզում եք, ներկայացրեք. ինքը ունի անխոցելի մի փաստարկ, նա դիմել Դատախազություն, և Դատախազությունը զբաղվում է։ Դատախազությունը կստուգի, կքննի, կհետաքննի և կպարզի, իսկ թե ինչպես է դատախազությունը քննում և հետաքննում այն գործերը, որոնք վտանգ են պարունակում իշխանության համար, մենք տեսնում ենք 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների հետաքննությամբ։ Սպանությունները բացահայտված չեն այն պայմաններում, որ գոնե երեք դեպքում մարդասպանների շրջանակը հայտնի է անուն-ազգանունով, բնակության հասցեով, աշխատանքի վայրով»,-ասաց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան