Ինձ համար միշտ ուրախություն է Հայաստան գալը. Սևակ Մխիթարյանը՝ իր կյանքի և կարիերայի մասին (լուսանկարներ)
Սպորտ
Ինչպես արդեն Լուրեր.com-ը տեղեկացրել էր, Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտվել է հերթական շախմատային խոշոր մրցաշարը, որի միանձնյա հաղթողը դարձավ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը։ 9 խաղում վաստակելով 7.5 միավոր՝ Սևակը դարձավ առաջինը 89 մասնակցի շարքում։
Լուրեր.com-ը փորձեց մի փոքր ավելին իմանալ տաղանդաշատ բրազիլահայ գրոսմայստերի մասին և զրուցեց նրա հետ՝ պարզելու վերջինիս անցած ճանապարհը, ձեռբերումներն ու նախասիրությունները։
Շնորհավորելով Սևակին հերթական ձեռքբերման առթիվ՝ խնդրեցինք նրան նախ մի փոքր պատմել իր մասին.

- Կպատմե՞ք Ձեր մասին։ Երբվանի՞ց եք ապրում Բրազիլիայում։ Այնտե՞ղ եք ծնվել ու մեծացել։
- Այո՛, Բրազիլիայում եմ ծնվել։ Հայրիկս 75-ին թվին է եկել Բրազիլիա Լիբանանից. մայրս էլ է հայ, բայց Բրազիլիայում ծնված հայ։
- Քանի որ խոսեցիք Ձեր ծնողների մասին, հետաքրքիր է՝ Ձեր ծնողները ազդեցություն ունեցե՞լ են ձեր մասնագիտական ընտրության վրա։ Քանի՞ տարեկանում եք սկսել շախմատ խաղալ։
- Անպայմա՛ն. միշտ ծնողներս են քաջալերել, որ շախմատով զբաղվեմ, հայրս ինձ օգնեց կատարել առաջին քայլերը, երբ 6 տարեկան էի։

- Ո՞րն էր Ձեր առաջին լուրջ շախմատային հաղթանակը։
- Առաջին հաղթանակս եղավ այն, երբ դարձա Սան Պաուլուի` մինչև 14 տարեկանների չեմպիոն՝ դա 1999 թվականին էր կամ 2000, այնքան շատ ժամանակ է անցել, որ ստույգ տարեթիվը չեմ հիշում։
Հետո 2 անգամ դարձա մինչև 20 տարեկանների Բրազիլիայի չեմպիոն՝ 2003 և 2004 թվականներին, 2006-ին դարձա միջազգային վարպետ, իսկ 2010-ին՝ գրոսմայստեր։

- Եղե՞լ եք Հայաստանում. և եթե եղել եք, կասե՞ք՝ երբ։
- Երեք անգամ եղել եմ Հայաստանում՝ 1999-ին՝ համահայկական խաղերի առթիվ, 2000 թվականին՝ շախմատ պարապելու համար, և 2010-ին՝ Շախմատի օլիմպիադային մասնակցելու համար։
- Կպատմե՞ք Ձեր ստացած տպավորությունների մասին։
- Առաջին անգամ երբ եկա Հայաստան, շատ ուրախ էի ճանաչել մեր հայրենիքը և տեսնել այն ամենը, ինչ մանկուց էի երազում տեսնել։ Շախմատը ինձ հնարավորություն է տվել ճամփորդել 20 երկրում, բայց առաջին անգամ Հայաստան գալը ամենատպավորիչն էր։
- Հայաստանը շատ է փոխվել։ Ե՞րբ կգաք Հայաստան հաջորդ անգամ։
- Փոփոխություններ նկատեցի դեռևս 2010 թվին, Երևանում շատ բան էր փոխվել, սիրուն շինություններ էին ավելացել։ Ինձ համար մեծ ուրախություն է կրկին Հայաստան գալը։


- Կապ կա՞ Ձեր և Հայաստանում ապրող գրոսմայստերների միջև։
- Այո՛, միշտ կապ եմ պահում Լևոնի հետ, մյուս խաղացողների հետ՝ նույնպես։
- Կպատմե՞ք Ձեր նախասիրություննների մասին։ Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։
- Շատ եմ սիրում հեռուստասերիալներ դիտել, երբեմն՝ ֆուտբոլ եմ խաղում ընկերներիս հետ։
Դե ինչ, Սևակին մաղթենք նորանոր հաջողություններ իր հետագա կարիերայում։
Զրուցեց Աննա Թումասյանը


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան