Հ.Տ. Հայկո. «Չանչերս ամեն տեղ գցում եմ» (ֆոտո)
Այլ
Արդեն անհատ ռեփեր Հ.Տ. Հայկոն այժմ ավելի լուրջ արտադրանք է ներկայացնում, առավել անկախ է, բայց հավատարիմ է մնացել իր բնավորությանը՝ համեստ, անպոչ գդալի պես իրեն մեջ չգցող: Նրա ռեփն այլ՝ նմանը չունեցող ուղղությամբ է զարգանում՝ ավելի լուրջ, քննադատող ու եզրակացություններիհանգեցնող:
Ինչի՞ մասին է մտածում Հայկը, ի՞նչն է նրան անհանգստացնում և ի՞նչ հունով է ընթանում նրա կյանքը:
- Որքան էլ հարցազրույցներում ասում ես, որ «Հայ թիմից» դուրս գալը դեռ չի նշանակում, որ մյուսների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխվել է, կոտրվել, այնուամենայնիվ, իրականությունը, կարծես, հակառակն է ցույց տալիս:
- Մարդիկ «Հայ թիմը» շատ լուրջ են ընդունում ու կարծիք է ձևավորվել, որ դա խումբ է: Այն պարզապես համերգային բնույթ ունի: Համոն ու Սաշը համերգներին բեք-վոկալ էին երգում, Սերժօն համերգային DJ էր: Ես հարցին այլ տեսանկյունից եմ նայում: «Հայ թիմից» իմ դուրս գալը աղետ չէ:
Փոխհարաբերությունները Միշոյի հետ նախկինի պես լավ են: Պարզապես գործի բերումով այս շրջանում ավելի քիչ ենք հանդիպում, քան նախկինում: Դա բնական փոփոխություն է: Իմ կյանքը փոխվել է: Այժմ ես ավելի շատ հոգսեր ունեմ, մտածելու ավելի շատ բան: Հիմա «ազատ-անկախ» ժամանակ անցկացնել չեմ կարող:
- «Հայ տղեքում» միշտ կարծես ստվերում էիր: Հաճախ հարցազրույցներին հարցերին պատասխանվում էր քո փոխարեն, ավելի քիչ էիր երևում:
- Դա միայն արտաքին բնույթ էր կրում: Ես ստվերում չեմ մնացել այն պարզ պատճառով, որովհետև խմբի ստեղծման հարցում մեծ ներդրում ունեմ:
Խոսելու հարցում ես այնքան էլ ակտիվ չեմ: Թեև եթե ավելի լուրջ մտածենք, կհասկանանք, որ քիչ երևալը դեռ ստվերում մնալ չի նշանակում: Քիչ երևալը, հարցազրույցներին քիչ խոսելը ես պատճառաբանում եմ իմ բնավորությամբ: Բնույթով այդպիսին եմ, չեմ սիրում ավելորդ տեղը ինձ մեջ գցել: Թեև կարծում եմ՝ այդպիսի բնավորություն ունենալը շոու-բիզնեսի ներկայացուցչի համար լավ չէ: Ի վերջո, ավելի շատ են տպավորվում այն մարդիկ, ովքեր իրենց «մեյդան են քցում»:
Հիմա արդեն անհատական կարիերայի դեպքում էլ չեմ ուզում շատ երևալ: Իմ ոգին աշխատանքիս մեջ եմ ներդնում:
- Հիմա, երբ արդեն անհատ կատարող ես, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել լսարանդ:
- Իմ լսարանն այժմ ավելի հասուն է: Թեև կարծում եմ՝ ինձ ոչ թե միայն հասուն մարդիկ են լսում, այլև աշխատանքիս հետ միասին նախկին լսարանն էլ հասունացել է: Հասունացել եմ և՛ ես, և՛ լսարանս:
Անկեղծ ասած, սկզբում մտավախություն ունեի, որ ասելիքի փոփոխության հետ մեկտեղ որոշակի լսարան կկորցնեմ: Հետո հասկացա, որ մտահոգությունս անիմաստ էր: Գտել եմ այն ոճը, որով շարունակելու եմ ստեղծագործել: Գուցե այն որոշակիորեն զարգանա, փոփոխությունների ենթարկվի, բայց, խոշոր հաշվով, սա այն ճանապարհն է, որով կզարգանա իմ ռեփը:
- Անցյալի մասին մտքերը, սխալների վերլուծությունն ու կարոտը «Անցած էտապ» ալբոմի հոգեվիճակն էր: Իսկ ի՞նչի մասին է լինելու հաջորդ ձայնասկավառակը: Հիմա ի՞նչ հոգեվիճակում ես:
- Ամբողջական նկարագրություն տալ չեմ կարող, քանի որ դեռ միայն երեգերի որոշակի մասի վրա եմ աշխատել: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ խոսելու եմ դժվարությունների, դրանց հաղթահարման ու կյանքի փորձի մասին: Ձայնասկավառակն այս տարի կթողարկվի:
- Շատ բան է փոխվել: Այսօր հաճախ օգնում ես սկսնակ կատարողներին, համագործակցում նրանց հետ: Հայ ռեփը շարունակող կա՞:
- Չեմ ուզում մեծամտորեն պատասխանել, բայց նրանց օգնելու մեծ ձգտում ունեմ: Եվ եթե մարդիկ նման խնդրանքով են ինձ դիմում, նշանակում է՝ այդ ոլորտում կշիռ ունեմ, կարող եմ ինչ-որ բան փոխել:
Ժամանակը ցույց կտա: Նրանց հաջողությունը միայն ինձնից ու իմ օգնությունից չի կախված:
Հայկական ռեփը շարունակողների մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց հստակ գիտեմ, որ ձգտողներ կան: Ուրախ եմ դրա համար:
- Ռեփը դարձավ հայկական շոու-բիզնեսի անբաժան մասնիկը: Դուք՝ ռեփ կատարողներդ,կ ոմերցիոն դարձաք, ձեր արտադրանքը՝ պահանջարկված: Իսկ ի՞նչ մակարդակում է այժմմեր շոու-բիզնեսը, ծաղկմա՞ն, թե՞ լճացման:
- Կոմերցիոն տեսանկյունից մեր շոու-բիզնեսը չափազանց վատ վիճակում է: Ստիպված եմ խոստովանել... Շատ քիչ ուղղություններ պահանջարկ ունեն: Գումար վաստակելու միջոցներն էլ մի քանի տարբերակով են՝ ռեստորանում մշտական գործ (աշխատավարձով և «շաբաշներով»), կորպորատիվ միջոցառումներ (հարսանիք, կնունք, ծնունդ...), համերգներ...
Ռեփերները վաստակում են ձայնասկավառակներ վաճառելով: Իսկ հիմա նկատվում է CD-ներ չգնելու միտում, որովհետև նույն երգը հեշտությամբ «քաշում են» ինտերնետից: Ինտերնետն այսօր շատ է խանգարում երգչի արտադրանքի վաճառքին:
Այլ երկրում ապրող իմ կարգավիճակի երգիչը, բնականաբար, այլ գումար կաշխատեր, բայց ես հասկանում եմ ու համարում, որ նորմալ գումար եմ վաստակում: Վաղուց «չանչերս» ամեն տեղ գցում եմ, ամեն ինչով հետաքրքրվում, որ գումար վաստակեմ: Կարծում եմ՝ ի վերջո, սա միակ գործը չէ, որ ապագայում կանեմ:
- Չնայած շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամուսնությունն ավելի ուշ է լինում կամ փաստը, չգիտես ինչու, թաքցվում է, սակայն քո դեպքում այլ էր: Դու չթաքցրեցիր: Իսկ լսարան կորցրեցի՞ր:
- Ես ամուսնացա նման բաներ հաշվի չառնելով: Դեռ բացասական արձագանքներ չեմ լսել ու բազմիցս անդրադարձել եմ երկրպագուհիներ կորցնելու հարցին: Չեմ ուզում, որ ինձ սիրեն ու գնահատեն որպես տղա կամ ասպետ, ինձ համար առավել կարևոր է իմ աշխատանքը: Եթե արտիստը «շինած» դեմք է, նրան ոչինչ չի փրկի, միևնույն է, չեն սիրի, նույնիսկ եթե ամուսնացած չլինի:
- Տեղյակ եմ, որ մեքենա, բնակարան գնելու մեծ ցանկություն ունես: Ինչպե՞ս են գործերը այդ հարցում:
- Մտադիր եմ այս տարի այդ հարցերը լուծել: Կնոջս՝ Սյուզիի հետ երկու տարի վարձով էինք բնակվում, այժմ ապրում ենք իմ հորական տանը՝ մայրիկիս հետ: Բնակարանի հարցում խնդիր չկա: Իսկ մեքենա գնելը անընդհատ ձգձգվում է, որովհետև կողմնակի շատ հարցեր են ծագում: Այժմ միայն ինձ համար պատասխանատու չեմ, այլև ընտանիքիս: Չեմ կարող բոլոր հարցերը թողնել ու մեքենա գնել, որ մարդիկ ասեն՝ ըհը, Հայկոն մեքենա ունի:
- Իսկ ի՞նչ մեքենա կուզեիր: Նվիրելու համար չեմ հարցնում :)
- «Մերսեդեսի» ֆանատ եմ: Երևի այդ մակնիշի մեքենա էլ գնեմ:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ, 2008 թ.






















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան