Ոչ թե վատ օրենքներ, այլ` այդ օրենքների կիրարկման բացակայություն
Քաղաքական
18 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 5-ին, համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ սահմանադրությունը։ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց Սահմանադրության առաջին հոդվածը. «Սահմանադրության առաջին հոդվածում ասված է «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, այսինքն` այդպիսին պետք է լինի, որտեղ երաշխավորված են քաղաքացիների ազատությունները, պաշտպանված են իրավունքները և այլն:
«Արդյոք մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքից վեր մարդիկ չկան, որ օրենքի առջև բոլորը հավասար են, որ Սահմանդրության առջև՝ երկրի մայր օրենքի առջև հավասար են բոլորը: Կարո՞ղ ենք ասել, որ սոցիալական, իրավական պետություն է, որտեղ քաղաքացիների սոցիալական և իրավական իրավունքները միանշանակ պաշտպանված են: Գիտեք, մենք կարող ենք ցանկացած տոնի կենացներ ասել և դրանով համարել ավարտված, ասելով, որ մենք նշեցինք այս կամ այն տոնը, բայց եթե մենք ուզում ենք իրապես ունենալ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն, որտեղ բարձրագույն արժեքը քաղաքացին է, պետություն, որտեղ չկան մարդիկ, որոնք կարծում են, որ օրենքները ստեղծվել են նրա համար, որ ուրիշները օրենքի առջև լինեն հավասար, իսկ իրենք լինեն օրենքից բարձր։ Եթե մենք ուզում ենք ունենալ այդպիսի պետություն, մենք պետք է տոներին ոչ միայն սահմանափակվենք կենացներ ասելով, այլ պետք է յուրաքանչյուրս մեր տեղում՝ լինի շարքային, պատգմավոր, նախարար, յուրաքանչյուրս մեր տեղում կարողանանք մեր գործն անել, որպեսզի իրապես մենք այդ պետությունն ունենանք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս ՀՀ քաղաքացիներին շնորհավորեց Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«Ի վերջո, մենք ունենք լավ Սահմանադրություն, բայց ես մշտապես ասել եմ, որ մեր երկրի խնդիրը ոչ թե վատ օրենքներն են, այլ մեր երկրի խնդիրն այդ օրենքների կիրարկման բացակայությունն է: Հույս ունենանք, որ մի օր մենք կունենանք այնպիսի պետություն, ինչպիսին նշված է մեր Սահմանդրության մեջ»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան