Ակտիվիստներից մեկը վատացավ, մյուսը՝ ոստիկանությունում է, մնացածը՝ Քաղաքապետարանի մոտ. ակցիա (լրացված)
Հայաստան
Արդեն 7-րդ օրն է, ինչ Քաղաքապետարանի դիմաց մի խումբ ակտիվիստներ նստացույց են անում՝ ուղեվարձի թանկացման դեմ: Վերջիններս նաև հրաժարականներ են պահանջում:
Lurer.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ակտիվիստներ Արգիշտի Կիվիրյանը և Անի Կաղինյանը փորձում են երկու վրան տեղադրել Քաղաքապետարանի դիմաց, քանի որ իրենց ընկերները ոչ բարվոք պայմաններում են արտահայտում իրենց բողոքը: Սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պահանջում է համապատասխան գրություն, որպեսզի թույլատրի վրանների տեղադրումը:
Ակտիվիստները պնդում են, որ իրենք իրավունք ունեն այնտեղ վրաններ տեղադրել, սակայն, այնուամենայնիվ, Արգիշտի Կիվիրյանը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ կարգը խախտելու համար. վերջինիս տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Անձամբ Վալերի Օսիպյանի ցուցումով՝ ոստիկանները վրանը վերցրին ցուցարարներից և դրեցին ոստիկանական մեքենայի մեջ:
Ոստիկանների և ակտիվիստների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, որտեղ էլ մասնակիցներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատացավ. նրան այս պահին օգնություն է ցուցաբերվում:
Ակտիվիստներն իրենց ընկերներին կոչ են անում չենթարկվել սադրանքների և բախումների չգնալ ոստիկանների հետ:
Նշենք, որ նրանք այս մասին երեկ են հայտարարել՝ Մաշտոցի պուրակում քննարկումների ժամանակ:
Այս պահին ակտիվիստները երթով գնում են Կենտրոնի ոստիկանություն՝ պահանջելու ազատ արձակել Արգիշտի Կիվիրյանին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից