Կան մարդիկ, որոնք դեռևս փորձում են անօրինական փող վաստակել. Տիգրան Սարգսյան
Քաղաքական
Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ քաղաքացիների կենսաթոշակ ստանալու հետ կապված խնդրին:
«Խնդիրներ եղան թոշակները ստանալու հետ կապված, քանի որ ցուցակները ժամանակին տեղ չէին հասել: Ես հանձնարարել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև վարչապետի վերահսկողության ծառայությանը քննություն կատարել: Պետք է արձանագրենք, որ չնայած այն արմատական փոփոխություններին, որ մենք կատարեցինք այս բնագավառում, դեռևս նկատվում է ներքին դիմադրություն այս նոր համակարգի ներդրման նկատմամբ: Առաջին անգամ թոշակները վճարվում էին էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա, և շատ մարդկանց դա դուր չի գալիս և փորձում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաև թղթային տարբերակով թոշակներ նշանակվեն և վճարվեն», - ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կոռուպցիոն ռիսկերն առաջանում էին թղթի ձևակերպումների ժամանակ, երբ ամբողջական վերահսկողությունն իրականացնելը դառնում է չափազանց դժվար:
«Նախարարն ինձ զեկուցել է, որ չնայած այսպիսի արմատական փոփոխությունների, չարաշահումների և բացահայտումների դեռևս վերջին երեք ամիսների ընթացքում արձանագրվել են նոր խախտումներ: Կան մարդիկ, որոնք դեռևս փորձում են որոշակի մեթոդներով անօրինական փող վաստակել: Բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից և սեպտեմբերին մենք հրապարակայնորեն կներկայացնենք, թե ինչպիսի չարաշահումներ են առկա եղել համակարգում և ինչ եղանակներ էին օգտագործում անօրինական փող աշխատելու համար», - ասաց վարչապետը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում