Երբ պետություն շինելու փոխարեն պետությունն են «շինում»...
Քաղաքական
Հետխորհրդային 12 երկրներից Հայաստանի բնակչությունը ամենաշատն է հակված արտագաղթելու: Սա է վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup կազմակերպության անցկացրած հարցումը, որ իրականացվել էր մեկ - երկու ամիս առաջ: Իհարկե, որևէ մեկս չենք քննադատում հասարակության այս կամ այն հատվածին՝ իր երեխաներին սովամահությունից փրկելու համար Հայաստանը լքելու պատրաստակամության համար, սակայն դա արդարացում չէ՝ արտագաղթի կանխմանն ուղղված ջանքերը ֆեյսբուքյան պատերին սպառելու անիմաստ ժամավաճառությունից կոնկրետ գործողության չվերածելու համար… Քանի դեռ հասարակության մեջ կան քիչ թե շատ տառաճանաչ գոյացություններ, որոնք արտագաղթի կանխման ուղղությամբ ջանքեր գործածելու փոխարեն փնտրում են այն արդարացնելու համար համապատասխան բառամթերք՝ չինովնիկական բազկաթոռները խեղաթյուրող շատ անձիք չեն փորձելու հավաքեն բանականության վերջին փշուրները՝ կատարելու համար իրենց կյանքի ամենաբարդ գործողությունը՝ մտածելը…
Մտածելը՝ արտագաղթի կանխման իրատեսական ծրագրերի շուրջ…
Ես հակված չեմ կարծելու, թե հետխորհրդային շրջանի 12 երկրներից ամենաքիչը Հայաստանի բնակիչներն են սիրում իրենց հայրենիքը: Հակված չեմ կարծելու, թե բնակչության 40 տոկոսը առանց սրտի ցավի է ցանկանում լքել իր բնօրրանը: Սակայն Հայրենիքը մշտապես կորցնում է իր հրապույրը, երբ՝
• Հացի խնդիրը սահմանափակվում է սոսկ չոր հացի ձեռքբերման փնտրտուքով…
• Հասարակությունը չի տեսնում պետության զարգացման հեռանկարներ…
• Հասարակության առավել ընդդիմադիր տրամադրված զանգվածը իրեն օտարված է զգում պետությունից…
• Չինովնիկները պետությունը օգտագործում են հարստանալու, իսկ Հայրենիքը՝ իրենց հարստանալու ուղիները գաղափարապես ամրապնդելու համար…
• Հասարակական ակտիվը օգտագործվում է սոսկ սեփական միահեծանությունը գովերգելու համար, իսկ այլախոհները դառնում են պետության անճոռնի ճուտիկները…
• Երբ անձնական ձեռքբերումները համարվում են սոսկ համակարգի լոյալության հետևանք…
• Ցանկացած ընդվզում ազգի դավաճանություն է, հակապետական գարշելի արարք…
• Բացակայում է արդարության զգացումը…
Իսկ այս բոլոր երևույթների վերացման համար հարկավոր է քաղաքական կամք, պետականաշինական մտածողություն: Իսկ մեզ մոտ պետություն շինելու փոխարեն պետությունն են «շինում»...
Վարուժան Բաբաջանյան


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում