Վայոց ձորի մարզպետը` էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարելավման հարցերի քննարկմանը
Հասարակություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ օգոստոսի 24-ին կայացած խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության համայնքներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, մարզպետներ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ:
Փոխվարչապետը նշել է, որ սակագների վերջին փոփոխություններից հետո մարզերում ՀԷՑ-երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավում եւ առկա խնդիրների լուծում են ակնկալում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրել է ընկերության 2014-2018թթ. ներդրումային ռազմավարության ծրագիրը, որով նախատեսվում է համակարգում մինչեւ 40 մլրդ դրամի լրացուցիչ ներդրումների կատարում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի ընթացիկ տեխնիկական վիճակը եւ մատուցվող ծառայությունների որակը: Ներդրումային ծրագիրը դեռեւս պետք է հաստատվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետների հետ կքննարկվեն ծրագրի` իրենց մարզերին վերաբերող հատվածները եւ համատեղ կորոշեն առաջնահերթությունները: Նաեւ պայմանավորվել են, որ բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքներն իրականացվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար պարտավորություններ սահմանող իրավական ակտերի վերաբերյալ:
Քննարկվել են նաեւ պետական, համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում առկա տարբեր ենթակայանների շահագործման ու տնօրինման հետ կապված խնդիրները, որոնք, դժվարություն են ստեղծում ընկերության համար` անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող ենթակայանների հարցը եւս առանձին քննարկել: Մեկ անգամ եւս անդրադարձ է եղել էլեկտրական համակարգերի տարածքներում բնակելի եւ հանրային շենքերի շինարարության անթույլատրելիությանը եւ առաջարկվել է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:
Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում