«Երիտասարդական մայրաքաղաք-2014» մրցույթում հաղթող ճանաչվեց Սիսիանը
Այլ
Սեպտեմբերի 3-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ամփոփիչ բաց նիստը:
Սեպտեմբերի 3-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ամփոփիչ բաց նիստը' մրցույթի կազմկոմիտեի անդամների, անկախ փորձագետների, հաղթանակի ձգտող քաղաքների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ամիսներ առաջ հայտարարված մրցույթին մասնակացության հայտ էին ներկայացրել բացառապես երկուսը' Սիսիանն ու Էջմիածին քաղաքները: Անկախ փորձագետների խնդիրն էր մանրակրկիտ ուսումնասիրել քաղաքապետարանների հայտերում նշված և իրականում ունեցած հնարավորությունների համապատասխանությունը (մարզամշակութային կենտրոններ, երիտասարդական միջոցառումների կազմակերպում, հյուրանոցային պայմանների, երիտասարդական ժամանցային օբյեկտների գների մատչելիությունը և այլն ):
Մրցույթի առցանց քվեարկության և անկախ փորձագետների գնահատման արդյունքները հրապարակեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Փորձագիտական գնահատման և առցանց քվեարկության արդյունքների համաձայն «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող ճանաչվեց Սիսիանը:
Էջմիածնին ձայն էին տվել 8416 , իսկ Սիսիանի օգտին քվեարկությանը մասնակցել էր' 9246 մարդ' ընդ որում առցանց քվեարկությանը մասնակցել էին ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում բնակվող մեր համաքաղաքացիները:
Ըստ փորձագիտական հանձնաժողովի անդամների գնահատականների' Էջմիածին քաղաքի հայտի ընդհանուր գնահատականը եղել է 705 միավոր, Սիսիանինը' 845:
«Սա գործընթացի սկիզբն է և այն ապացուցեց , որ բարեհաջող երթ է ունենալու: Բազմաթիվ քննարկումներ են եղել թե’ անկախ փորձագետների ու թե’ նախարարության աշխատողների հետ համատեղ, մեր աշխատանքը եղել է անաչառ, մրցակցությունը' լուրջ, վստահեցնում եմ, որ «Երիտասարդական մայրաքաղաք – 2015թ.»-ը և «Երիտասարդական մայրաքաղաք -2016թ.»-ն էլ ավելի լավն են լինելու,- նշեց փոխնախարարը:
Հաղթած քաղաքի ղեկավար Աղասի Հակոբջանյանն ընդունելով շնորհավորանքները' իր սրտի խոսքն ասաց՝ դիմելով ներկաներին ու իր համաքաղաքացիներին. «Վստահեցնում եմ ձեզ , առաջիկա տարում Սիսիանը կդառնա Հայաստանի Հանրապետության ողջ երիտասարդության մայրաքաղաքը, կկազմակերպվեն գեղեցիկ միջոցառումներ, կլինեն հետաքրքիր հանդիպումներ, մշակութային երեկոներ, անպես որ հրավիրում եմ բոլորիդ մեզ հետ միասին վայելելու երիտասարդական մայրաքաղաքի բոլոր միջոցառումները»:
«Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող ճանաչված քաղաք լինելը ենթադրում է' կառավարության կողմից բյուջետային հատկացումներ' երիտասարդական ծրագրերով նախատեսած բազմաթիվ միջոցառումների կազմակերպում և իրականացում տվյալ քաղաքում' ողջ տարվա կտրվածքով, ինչն էլ իր հերթին ենթադրում է ֆինանսական հոսքեր' մայրաքաղաքից դեպի մարզեր: Սիսիանի քաղաքապետին առաջին շնորհավորողներից մեկը միջոցառմանը ներկա Էջմիածին քաղաքի ներկայացուցիչ Անահիտ Նահատակյանն էր:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող