«Երևան մոլում» է գործելու ֆրանսիական «Կարֆուր» ընկերությունը
Հայկական Մամուլ
Այս օրերին Երևանի Արշակունյաց պողոտայում մեծ թափով ընթանում է «Երևան մոլ» աոևտրի և զվարճանքի կենտրոնի շինարարությունը: Բացումը նախատեսվում է հոկտեմբերին: Կառույցի սեփականատերերի անունները պաշտոնապես չեն ասվում, սակայն ոչ պաշտոնապես շրջանառվում են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և «Կերամիկա» ՍՊԸ տնօրեն Նորայր Խաչատրյանի անունները որպես «Երևան մոլի» սեփականատերեր:
«Հայկական ժամանակ» օրաթերթին երեկ ՊԵԿ-ի լրատվության բաժնից հերքել են այս տեղեկությունը, հայտնելով, որ ՊԵԿ նախագահը կամ նրա մերձավոր հարազատներից որևէ մեկը կապ չունեն «Երևան մոլի» հետ: Հայաստանում, սակայն, վաղուց արդեն նման հերքումները ոչինչ չեն նշանակում:
Սպասվում է, որ «Երևան մոլում» է գործելու ֆրանսիական «Կարֆուր» ընկերությունը, թեպետ «Կարֆուրի»՝ Հայաստանում բացվելու ժամկետի և վայրի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության ունեցած վերջին տվյալը 6 ամսվա վաղեմություն ունի:
Մարտ ամսին նախարար Տիգրան Դավթյանը հանրությանը ոչինչ չասող հանդիպում էր ունեցել ընկերության ներկայացուցչի հետ: Ու թեև պաշտոնական որևէ այլ նորություն մինչ օրս չկա «Կարֆուրի» գալստյան վերաբերյալ, այնուամենայնիվ, խոսակցությունները, որ աշխարհահռչակ այդ ընկերությունը մտնելու է Հայաստան և տեղ զբաղեցնելու «Երևան Մոլ»-ում, համառորեն պտտվում են գործարարների շրջանում: Մասնավոր խոսակցություններում «Կարֆուրի» ոդիսականը բացատրում են հետևյալ կերպ՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ամեն կերպ խոչընդոտեց և թույլ չտվեց, որպեսզի «Կարֆուրը» տեղ զբաղեցնի հայտնի «Դալմա Մոլում», և հիմա հասել է նրան, որ այս սուպերմարկետը գործի «Երևան մոլում»: Այստեղ, ինչպես արձանագրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը, «Կարֆուրի» համար հատկացված է 6000 քմ տարածք:
Մանրամասները` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը