Նիկոլ Փաշինյան. Էդվարդ Նալբանդյանը ստիպված է վազել եվրոպացի պաշտոնյաների հետևից
Քաղաքական
Այսօր` սեպտեմբերի 9-ին, մեկնարկել են Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի աշխատանքները:
Հարցերով Ազգային ժողովի նախագահին դիմեցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Երկու պատգամավորների հարցերն էլ վերաբերում էին Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմանը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին ևս առաջարկեց խորհրդարան հրավիրել Էդվարդ Նալբանդյանին:
«Ցավոք, հերթական անգամ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում օրակարգի մի նախագիծ, որը շատ քիչ կապ ունի ՀՀ-ում և նրա շուրջ տեղի ունեցող հրատապ զարգացումների հետ:
Մոսկովյան հայտնի իրադարձություններից հետո ՀՀ-ն, ըստ էության, կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի նախաշեմին, մի իրավիճակ, որ նախկինում երբեք այսպիսի սրությամբ արտահայտված չի եղել երրորդ հանրապետության պատմության մեջ, և այս ֆոնին հասկանալի է, որ հնչում են գնահատականներ, որ Հայաստանը ոտք է դրել մի ճանապարհ, որի վերջում ինքնիշխանության կորուստն է: Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտաարությունները և Էդվարդ Նալբանդյանի այցերը դեպի Արևմուտք, ափալ-թափալ այցերը, երբ Հայաստանի արտգործնախարարը շատ դեպքում ստիպված է վազել եվրոպացի պաշտոնյաների հետևից, շատ կարևոր և հրատապ հարցեր են առաջացնում, և Ազգային ժողովը ոչ միայն մեկուսացած է գործընթացից, այլև ընդհանրապես գոնե փորձագիտական մակարդակով տեղեկատվություն չունի տեղի ունեցողի աշխարհաքաղաքական իմաստի վերաբերյալ:
Մենք պետք է այդ հարցը քննարկենք, և ես Ձեզ առաջարկում եմ քառօրյան սկսել միջպետական որևէ պայմանագրի քննարկումով` որպես հիմնական զեկուցող հրավիրելով Էդվարդ Նալբանդյանին, հրավիրելով նաև Սերժ Սարգսյանին, որը ՀՀ բարձրագույն օրենսդիր իշխանությանը կտա անհրաժեշտ և հրատապ պարզաբանումներ, որոնք վերաբերում են ՀՀ-ին և նրա ժողովրդի ապագային, - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս ի պատասխան` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այնպես չէ, որ ափալ-թափալ, կամ մենք որևէ մեկի հետևից վազում ենք, առաջնահերթ յուրաքանչյուր համաձայնագրի, պայմանավորվածության, համաձայնության հիմքում պետք է դրված լինի մեր պետության, մեր ժողովրդի շահը և, իրոք, ես համոզված եմ, որ Մաքսային միությանը անդամակցելը բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից, և ես համաձայն չեմ այն տեսակետների հետ, որ մենք մեր ինքնիշխանությունը, ինքնորոշումը կորցնում ենք, հակառակը՝ մենք փորձում ենք նման համաձայնագրերով համագործակցությամբ, կամ նման միություններին միանալով` տնտեսության զարգացմանը նպաստել, փորձում ենք նաև մեր այն խնդիրներին, որոնք ծառացած են մեր ժողովրդի, պետության առջև, տալ լուծում։ Դա իմ տեսակետն է»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող