Ծառուկյանն այստեղ էլ գտավ իր այլընտրանքը. կրճատել են Երևան-Աբովյան անվճար ավտոբուսների թվաքանակը
Հասարակություն
Լուրեր.com-ի տեղեկությունների համաձայն` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Քինգ դելյուքսի» սեփականատեր Արթուր Հարությունյանի (Պալաչ) հաշտեցումից հետո Ծառուկյանը զգալիորեն կրճատել է Երևան-Աբովյան անվճար երթուղին սպասարկող ավտոբուսների թվաքանակը:
Ըստ տեղեկությունների` նախկինում երթուղին սպասարկում էր 10-ից ավելի ավտոբուս, իսկ այսօր արդեն նրանց քանակը չի գերազանցում 5-ը:
Հիշեցնենք, որ «Քինգ դելյուքսի» կողմից շահագործվող` Երևան-Աբովյան երթուղին սպասարկող թիվ 259 և Երևան-Չարենցավանի թիվ 275 ավտոբուսների երթուղիներին զուգահեռ` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմանդրամը կատարում էր ուղևորների անվճար փոխադրում նշված երթուղիներով, ինչի դեմ էլ բողոքում էր Հարությունյանը:
Նշենք, որ դեռ օրեր առաջ, երբ լուրեր տարածվեցին, որ Ծառուկյան-Պալաչ` արդեն ամիսներ շարունակ տևող կռիվն անցյալում է, և «զույգը» հաշտվել է, մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Ծառուկյանը կդադարեցնի իր անվճար բարեգործական երթուղին:
Նույն օրը Ծառուկյանի խոսնակը հերքեց լուրերը` հայտարարելով, որ Ծառուկյանի բարեգործական երթուղին շարունակելու է կանոնավոր գործել:
Սակայն այն փաստը, որ անվճար երթուղին շարունակում է գործել, բոլորովին չի նշանակում, որ պահպանվում է նախկին հաճախականությունը. փողոցներում արդեն հազվադեպ են հանդիպում մարդկանց բարեգործական հիմունքներով տեղափոխող ավտոբուսները, և դա այն դեպքում, որ թիվ 259 երթուղին սկսել է աշխատել ավելի հաճախ:
Փաստորեն, Ծառուկյանն այստեղ էլ գտավ իր այլընտրանքը`«ни рыба, ни мясо»:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող