Հարցերի պատասխանները եղան մասնակի. Արմեն Ռուստամյան
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում հրավիրվել էր դռնփակ նիստ, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` կապված Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարության հետ:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների համար կարևոր հարցերի պատասխանները հանդիպման ժամանակ չեն հնչել:
«Ռուսաստանն այսօր բոլորի աչքի առաջ ձևավորում է աշխարհաքաղաքական լուրջ բևեռ, և սա միայն տնտեսական համագործակցությամբ չի կարող ավարտվել, սա փաստ է: Եկե´ք դա հստակ ասենք, և այդ հստակության հիման վրա մեր հետագա քայլերը նախատեսենք, և ես դրա հիման վրա ասացի. առաջին հարց` այս գործընթացի մեջ որտե՞ղ է լինելու Ղարաբաղը: Երկրորդ` այն համաձայնագրերը, որը Հայաստանը մինչև հիմա ունի, չե՞ն սկսելու հակասել այս նոր գործընթացներին, երրորդ` հիմա մենք ուզում ենք ինչ-որ մասնակի, կրճատումով ասոցացման մասին խոսել, որն արդեն այն ասոցացումը չէ, ինչ մինչև սեպտեմբերի երեքն էր, հետագայում նույն Եվրասիական միությունը քաղաքական միավոր դառնալու պարագայում նորից մեզ չե՞ն ստիպի վերանայել այս նոր` Վիլնյուսում ստորագրված համաձայնագիրը, թե` ոչ: Այս ամենը հաշվարկվա՞ծ է, թե՞ ոչ»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ իր կողմից հնչեցրած հարցերի պատասխանները մասնակի էին:
«Ղարաբաղի մասով պատասխանը եղավ այն, որ Մաքսային միության մասով կարող են վստահ լինել, որ Ղարաբաղը չի տուժի դրանից, երկրորդը ընդունեց, որ պարտավորություններ կան, և պարտավորթյունների ծավալը տարբեր է, բայց այդպես էլ պարզ չդարձավ` ի վերջո, այս հաշվարկը կատարվե՞լ է, հետագայում մեզ նորից չե՞ն ասելու, որ դուք չեք համապատսխանում` հիմա էլ համաշախարհային առևտրային կազմակերպությանը, իսկ երրորդ հարցի պատասխանն էլ ընդհանրապես չհնչեց»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Վերջինիս խոսքերով՝ Էդվարդ Նալբանդյանը հավաստիացրել է, որ Հայաստանի վրա որևէ ճնշում չի եղել:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող