Եվրասիական միությունը ժամանակավոր է, վաղ թե ուշ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը կդիմեն Եվրոպային. Իվանիշվիլի
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի համոզմամբ` Մոսկվային չի հաջողվի ստեղծել Եվրասիական միություն՝ ի հակակշիռ Եվրոպական միության, և վաղ թե ուշ այն երկրները, որոնք գտնվում են Եվրամիությունից ոչ հեռու, անպայման կդառնան նրա անդամը, այդ թվում նաև՝ Ռուսաստանը:
Այցով Էստոնիա ժամանած Իվանիշվիլին Eesti Päevaleht թերթին տված հարցազրույցում խոստացել է, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո նախագահ Միխայիլ Սաակաշվիլի դեմ դատական գործ չի բացվի: Միևնույն ժամանակ, նա չի բացառում, որ Սաակաշվիլին ստիպված կլինի պատասխանել իրավապաշտպան մարմինների հարցերին:
Իվանիշվիլին նշել է, որ Վրաստանը ձգտում է որքան հնարավոր է շուտ դառնալ Եվրոպական միության անդամ: «Դժբախտաբար, նախկին իշխանությունները շատ սխալներ են թույլ տվել, ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ` Եվրոպական միության հետ հարաբերություններում, քանի որ այն ժամանակ ստեղծված ժողովրդավարական ավանդույթները չէին համապատասխանում եվրոպական արժեքներին: Ես մեր կառավարությունը համարում եմ տիպիկ եվրոպական կառավարություն, և այն կշարունակի զարգանալ այդ ուղղությամբ»,-ասել է Իվանիշվիլին:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամակցության հարցին՝ Իվանիշվիլին ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու հարցում ավելի շատ են խոչընդոտները, քանի որ այստեղ առկա է օկուպացված տարածքների խնդիրը: «Սակայն Վրաստանի ցանկությունը և ՆԱՏՕ-ի հետ կապ ստեղծելու պատրաստակամությունը շատ մեծ է, դա հասկանում են նաև ՆԱՏՕ-ի անդամները, օրինակ` մենք ունենք 1600 զինվորական Աֆղանստանում»,-ասել է Իվանիշվիլին:
Խոսելով այն մասին, որ Ռուսաստանը ներկա պահին ստիպում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են` Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ընտրել Մաքսային միության և Եվրոպական միության միջև, Իվանիշվիլին նշել է, որ Ռուսաստանի ներկա կողմնորոշումը տհաճ է:
«Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, որը ստեղծվում է կարծես թե եվրոպականին հակակշիռ, ապա ես դա այլ կերպ եմ տեսնում: Ես անգամ մտածել չէի ուզենա այն մասին, որ ինչ-որ բան ստեղծվում է ի հակակշիռ, այն դեպքում, երբ Եվրոպան բոլորի համար հասկանալի է և արդյունավետ: Այդ պատճառով ես համարում եմ, որ Եվրասիական միությունը ժամանակավոր է՝ այն դեռ չի ստեղծվել, այն դեռ իմաստ չունի, և այն փաստը, որ այդ միությունը ներկայացվում է որպես Եվրոպական միության հակակշիռ, շատ վատ է»։
Չեմ պատկերացնում, որ Հայաստանը կամ նույնիսկ Ռուսաստանը, որոնք համաձայն են կառույցի ստեղծմանը, այլ ընտրություն ունեն` բացի նրանից, որ վերջիվերջո դիմելու են Եվրոպային և դառնան Եվրամիության անդամը: Դրա համար հարկավոր է ունենալ տնտեսություն և ֆինանսներ: Եվրոպական միությունից ավելի լավ կառույց ոչ ոք չի ստեղծել, և եվրոպական արժեքներն ամենաթանկն են: Այնպես, որ վաղ թե ուշ, կարծում եմ, ԵՄ-ին մոտ գտնվող բոլոր պետությունները դառնալու են նրա անդամը»,-վստահաբար ասել է Իվանիշվիլին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող