Վենդետա և արյունռուշտ 70 տղաներ
Վերլուծական
Հիշու՞մ եք՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո համացանցը, տուրք տալով հասարակական որոշակի շրջանակների լրատվական ճաշակին, ամերիկյան մարտաֆիլմերի, ավելի դաժան ասեմ՝ հայկական սերիալների ոճով հրապարակ էր նետում նորանոր արյունահոտ սերիաներ՝ վենդետա, արյունռուշտ 70 տղաներ և այլն: Այսօր էլ, Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակումից հետո, ակտիվացել են խոսակցությունները, թե արդարության հասնելու միակ բանաձևը վենդետան է՝ արյան վրեժը: Տարօրինակ է, թե ինչու են ոմանք հարազատ կորցրած մարդկանց թասիբի գցում՝ մղելով արյան վրեժի: Արյան վրեժը երկրում արմատավորված արատավոր բարքերի շարունակությունն է: Սյունիքի նախկին մարզպետի մերձավորներն էլ են գործել օրենքից դուրս՝ մարդկային արյուն թափելով: Արյան վրեժ իրականացնելով՝ մյուս կողմը ավելի է խորացնում օրենքի գերակայության ճգնաժամը: Անարդարություններից խուսափելու միակ ձևը պայքարն է՝ երկրում օրինականության հաստատման համար: Պարզապես կոչ եմ անում չտրվել հասարակական որոշակի շրջանակների էքստրեմալ լրատվական ճաշակին և դադարեցնել վենդետայի քարոզչությունը: Որքան էլ արյան վրեժը որոշակի հանգամանքներում սրտի հովություն է, կորուստի ցավը մեղմելու որոշակի միտում՝ այն ինքնին հակաօրինական, հակահասարակական արարք է, որը երկիրը թաղում է ապօրինությունների նոր քաոսային ճահճի մեջ:
Ամբողջ հասարակության մտահոգությունը պետք է լինի այն, որ ցանկացած հանցագործություն, այդ թվում` մարզպետի տան մոտ կատարվածը, պատժվի բացառապես օրենքի շրջանակներում:
Վարուժան Բաբաջանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում