«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է
Հասարակություն
«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է եվրասիական «մաքսային միությանը» միանալու իշխող վարչախմբի հրապարակված նպատակը:
Նույնպես դատապարտելի է զուգահեռաբար Եվրամիության հետ գաղափարախոսական մերձեցումը շարունակելու հայտարարված ցանկությունը:
Անկախ հնարավոր պարտադրանքներից, Հայոց ինքնիշխանության դեմ ոտնձգության ողջ պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխող վարչախումբը' հանցակցաբար իր նախորդների և ինտեգրացիոն ռազմավարության բազմազան ջատագովների հետ:
Իշխանությանն անօրինաբար տիրացած և ժողովրդական աջակցությունից զուրկ որևէ պաշտոնյայի ստորագրություն կամ մարմնի վավերացում իրավական ուժ ունենալ չեն կարող և առաջին իսկ ազգընտիր կառավարության կողմից չեղյալ են համարվելու:
Կարևոր ենք համարում ընդգծել, որ «Հայազնի» դիրքորոշումը ոչ մի առնչություն չունի Եվրամիության մեջ ներառվելու կողմնակիցների նույնքան մերժելի դիրքորոշման և դրանից բխող բողոքի դրսևորումների հետ:
Մենք սկզբունքորեն հրաժարվում ենք համեմատել Մաքսային միության անդամությամբ կամ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրով նախատեսված տնտեսական օգուտներն ու վնասները, ընդգծելով ամենագլխավոր և ընդհանուր վնասը' արտագաղթի ու ժողովրդագրական ճգնաժամի խորացումը, ինչպես նաև, զույգ ինտեգրացիաների դեպքում, Հայաստանի գրավվմանը զուգահեռ, Արցախը Ադրբեջանին թողնելու անխուսափելիությունը:
«Հայազնը» ևս մեկ անգամ վերահաստատում է իր քաղաքական ծրագրում ամրագրված արտաքին քաղաքականության սկզբունքները, մասնավորապես' չմիացման սկզբունքը, ինչպես նաև ազգային հեղափոխության միջոցով ինքնիշխան և բնույթով ազգային պետություն կերտելու հրամայականը:
«Հայազն» կուսակցության վարչություն


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող