Կզարգանա էլեկտրոնային առևտուրը
Քաղաքական
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ արմատապես փոխվել է նաև առևտրային գործարքների տեխնոլոգիան:
Ստեղծվել է բիզնեսի նոր էլեկտրոնային միջավայր' «էլեկտրոնային առևտուր»: Այն բնութագրում է համացանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքի կամ ծառայության ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը: Համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար Հայաստանը պարտավոր է հաշվի առնել առևտրի, այդ թվում էլեկտրոնային, զարգացման ընդհանուր միտումները: Որոշման նպատակն է ստեղծել էլեկտրոնային առևտրին օժանդակելու համար ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածքներ, մշակել պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, խթանել ապրանքների և ծառայությունների արտահանումը, կատարելագործել էլեկտրոնային առևտրի ոլորտի իրավական և օրենսդրական դաշտը, երկրում ստեղծել էլեկտրոնային առևտրի կայուն զարգացման բարենպաստ միջավայր:
Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը նպաստավոր պայմաններ է ստեղծել ս.թ. հոկտեմբերի 4-ից 6-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում անցկացվելիք «Դիջիթեք-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի, ինչպես նաև ոլորտի մի շարք այլ կարևոր միջոցառումների համար:
Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Արաքս երկաթուղային կայարանի բեռնման-բեռնաթափման տարածքին հարող 5-րդ երկաթուղային գծի 240 մետր երկարությամբ հատվածն ամրացվել է «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Իր նիստում կառավարությունը հաստատել է գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները, որոնց սահմանումը թույլ կտա պետգույքի օգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ որոշակի սկզբունքներ պահպանել: «Մենք այս դաշտում կարգուկանոն ենք հաստատում, որովհետև կան սուբյեկտներ, որ դիմում են մեզ, թե իբր զբաղվելու են գրահրատարակչական գործունեությամբ, բայց իրականում տեսնում ենք, որ ի հայտ են գալիս զբոսաշրջային գործակալություններ, այլ բիզնեսներով են զբաղվում, ինչն ուղղակի անթույլատրելի է»,-պարզաբանել է Տիգրան Սարգսյանը:
Նիստում հաստատվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական ծառայություններ արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը:
Գործադիրը 5 տարով երկարաձգել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող