Ի՞նչ են խոսել Վարդան Ղուկասյանն ու Սերժ Սարգսյանը Ամենափրկիչ եկեղեցու ներսում
Քաղաքական
Ինչպես հայտնի է, երեկ Սերժ Սարգսյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ամենափրկիչ եկեղեցու փակ մուտքից դուրս գալով, կտրել էր նախագահի ճանապարհը` նրան իր կողմից կառուցվող ու գրեթե ավարտին հասցվող եկեղեցին ցույց տալու հրավերք անելով: Նախագահը, բնականաբար, ընդունել էր նախկին պաշտոնյայի հրավերը, ու 10 րոպե շարունակ առանձնազրույց էր տեղի ունեցել այս երկուսի միջև:
Ինչպես փաստում են aravot.am-ի աղբյուրները, Վարդան Ղուկասյանը երկրի նախագահին խնդրել է մեղմ մոտենալ ասֆալտի յուրացման մեջ կասկածվող ու օրումեջ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվող իր թիմակիցների հանդեպ ու մի ճար անել իր ձերբակալված ընկերոջը` Գյումրու քաղաքապետարանի բնակակոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանին ազատ արձակելու համար: Ըստ նույն աղբյուրների` նաև խոսք է գնացել Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահիկի նկատմամբ մեղմ մոտենալու մասին, ով մեղադրվում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցներից մեկի` Շեկոյի սպանության մեջ:
Նախագահին դիմավորողների շարքում եղել է նաև Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, սակայն նրանց առանձնազրույցին մասնակցել է միայն Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը: Ինչևէ, ինչպես հավաստիացնում են մեր աղբյուրները, երկրի նախագահը լսել է Վարդան Ղուկասյանին ու վերջում արձագանքել է.
«Ամեն ինչ լավ կլինի»:
Նշենք, որ ըստ նույն աղբյուրների` նախագահի համար Վարդան Ղուկասյանի ճանապարհ կտրելն ու հանկարծակի հայտնվելը ամենևին էլ անակնկալ չի եղել, քանի որ այս հանդիպումը նախապես պլանավորված է եղել: Իր շրջապատի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու հորդորով Վարդան Ղուկասյանը նախևառաջ գնացել էր ԱԺ ու հայցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնությունը, ով, սակայն, ըստ մեր աղբյուրների, կոնկրետ ոչինչ չի խոստացել` նշելով, որ ինքը ասֆալտի գործի մանրուքներին չի տիրապետում` բացարձակապես անծանոթ է:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող