Քննարկվեց օդանավակայանի հին շենքը քանդելու հարցը
Հայկական Մամուլ
Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհրդին' տեղեկացնելով, որ կառավարությունը եւ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները եւ անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղեւորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
Քաղավիացիայի վարչությունը Հանրային խորհրդին առաջարկել է համատեղ քննարկել հարցը: Ինչպես նշում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ' առաջին անգամ է, որ քննարկում կազմակերպվում է մինչ շենքը քանդելը: Ըստ նրա' որեւէ շենքի համար էլ կարելի է պատճառ գտնել ու քանդել այն, սակայն շենք պահելն է դժվար:
Երեկ Հանրային խորհուրդը կազմակերպել էր քննարկում, որի ժամանակ խորհրդի ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու խնդրին:
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու առաջարկությամբ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դեռեւս ամիսներ առաջ դիմել էր Երեւանի քաղաքապետարան, սական քաղաքապետարանին կից գործող քաղաքաշինական խորհուրդը մերժել էր դիմումը: Քաղաքապետարանի ճարտարապետական հանաձնաժողովի նախագահ Հրաչյա Պողոսյանը երեկ նշեց, որ հին համալիրը նախ եւ առաջ ճարտարապետական արժեք է. «Իսկ որեւէ հուշարձանի ֆիզիկական վիճակը պատրվակ չէ քանդելու համար»:
Քննարկման ժամանակ նշվեց նաեւ, որ օդանավակայանի հին շենքը Փարիզում մի մրցույթի ժամանակ արժանացել է ճարտարապետական լավագույն կառույց մրցանակի կոմպոզիցիոն իր լուծումների համար:
Իսկ Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը նշեց, որ շենքն այժմ չի օգտագործվում, իսկ հիմնովին վերանորոգելու համար անհրաժեշտ է 10-12 միլիոն դոլար: Ըստ նրա' օդանավակայանը հետագայում ընդարձակվելու է դեպի աջ, եւ այդ դեպքում հին շենքն արդեն կխանգարի: Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն առարկեց' թե ինչու՞ չի ընդլայնվում դեպի ձախ: Ձախ կողմում էլ կան կառույցներ, որոնք կքանդվեն, ըստ ճարտարապետի' դրանք հենց քանդելու բաներ են:
Իսկ ավիացիայի բնագավառում ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Քոչարյանը «Ազգի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ այսօր հանրապետությունում կա 12 օդանավակայան, որոնք չեն շահագործվում, սակայն նախատեսված է, որ առաջիկայում դրանք շահագործվելու են:«Հետեւաբար հին շենքը կարող է ծառայել ներքին ուղեւորների համար, եւ այն քանդելու կարիք չկա»:
Խնդիրն առաջիկայում կքննարկվի Հանրային խորհրդի լիագումար նիստում:
Մանրամասները' «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը