Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոր մրցակարգով
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի, ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի և թիմի բժիշկ Համլետ Բեգոյանի ուղեկցությամբ այսօր կեսօրին մեկնեց Բիշկեք: Կիրգիզիայի, Լիտվայի և Գերմանիայի թիմերի հետ այնտեղ ութօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր տղաները, որից հետո կմեկնեն Ալմաթի` մասնակցելու աշխարհի հերթական առաջնությանը:
Սպասվում է ռեկորդային թվով` 116 երկրների 576 բռնցքամարտիկների մասնակցություն: Ստուգատեսը կանցկացվի նոր մրցակարգով. մարզիկները ռինգ կմտնեն առանց դիմակի, իսկ մրցավարները կաշխատեն միավորների նոր հաշվարկով: Հաղթողին կտրվի 10, իսկ պարտվողին` 9, 8 կամ 7 միավոր: Ներկայացվող թվերով կգնահատեն մրցակիցների ուժերի հարաբերակցությունը. տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը և առաջին փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը կմասնակցեն հոկտեմբերի 12–ին մեկնարկելիք մարզաձևի միջազգային ֆեդերացիայի / ԱԻԲԱ / հերթական համաժողովին:
Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը զրույցի ժամանակ ասաց , որ Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը / 49 կգ /, Նարեկ Աբգարյանը / 52 կգ /, Արամ Ավագյանը / 56 կգ /, Արթուր Քիրաջյանը / 64 կգ /, գյումրեցիներ Հովհաննես Բաչկովը / 60 կգ / և Արման Հովիկյանը / 75 կգ /: Նրանք լավ մարզավիճակում են, թեև մեծ մասը առաջին անգամ կմասնակցի նման բարձր կարգի մրցաշարի, իսկ մի քանիսն ունեն թեթևակի վնասվածքներ, որոնք մինչ մեկնարկը, հուսանք, կապաքինվեն:
Առաջնությունը կսկսվի հոկտեմբերի 14–ին :


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում