Կներդրվի նոր տեխնոլոգիա
Հասարակություն
ՀՀ կառավարությունը որոշել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. հունիսի 17-ը: Ընկերությունը նախատեսում է կառուցել նոր արտադրամաս` ներդնելով Ալբիոն տեսակի տեխնոլոգիա, որը ներառում է հանքաքարից հարստացված խտանյութի ստացումը, դրա գերմանր աղացումը և թթվածնի օգնությամբ խտանյութի սուլֆիդային մասի օքսիդացումը: Ծրագրով նախատեսվում է նաև հիմնովին վերազինել եղած արտադրական հզորությունները, ինչի արդյունքում ընկերությունը կկարողանա 30-35 տոկոսով մեծացնել արտադրանքի ծավալը' զուգահեռաբար ավելացնելով (60-ով) աշխատատեղերը և պետբյուջե ուղղվող հարկային մուտքերը:
Կառավարության որոշմամբ ապահովվել է «Գրանատուս վենչուր ֆոնդ I» ՓԲԸ կանոնադրական կապիտալում պետության մասնակցության հաստատումը և ՀՀ կառավարության անունից ընկերության հետ պայմանագրերի ստորագրման լիազորության վերապահումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Վենչուրային կապիտալի/սկսնակ ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի ստեղծման ծրագրում կառավարությունը կներդնի 3 մլն 300 հազար ԱՄՆ դոլար, մասնավոր հատվածը' 3 մլն ԱՄՆ դոլար:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգին, որի ընդունումը բխում է երկրի տնտեսական զարգացման խնդիրների լուծման բնագավառում մարդկային կապիտալի և բնակչության կյանքի որակի արժևորման անհրաժեշտությունից, մարդու մտավոր և ֆիզիկական ընդունակությունների զարգացման պայմանների ստեղծման կարևորության գիտակցումից:
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Թալին քաղաքում գտնվող շուրջ 235 քառ.մետր ընդհանուր մակերեսով երեք տարածքները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Դրանով իսկ գործադիրն ակնկալում է ավելացնել պետբյուջեի մուտքը, բարելավել տարածքի վիճակը: Մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գտնվող շուրջ 950 քառ. մետր մակերեսով պանսիոնատն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է համայնքին' նախատեսելով, որ գնորդը պարտավոր է շենքում բնակվող անօթևաններին հատկացնել (նվիրել) նրանց զբաղեցրած բնակարանները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն