Երևան քաղաքի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիի օրվա տոնակատարություններին
Հասարակություն
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրվան նվիրված «Թբիլիսոբա» տոնակատարությանը։ Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաև պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների։
Երևանյան պատվիրակության ղեկավարը Թբիլիսիի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում նախ Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավային է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Թբիլիսիի օրվա առթիվ վրացի գործընկերոջն ու թբիլիսցիներին ուղղված շնորհավորական ուղերձը:
Այնուհետ, հանդիպման շրջանակում, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկել են երկու քաղաքների միջև բազմակողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցեր:
Այդ համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մունիցիպալ ծառայությունների մատուցման գծով փորձի փոխանակման, զբոսաշրջության, կրթամշակութային, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և այլ հարցեր։
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է նաև տոնակատարության կապակցությամբ Թբիլիսի այցելած պատվիրակությունների պաշտոնական ընդունելությանը, որին ներկա է եղել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
Թբիլիսի կատարած այցի շրջանակում Կամո Արեյանը և Սերգեյ Մակարյանն այցելել են նաև Վիրահայոց թեմի առաջնորդարան, ինչպես նաև «Հայարտուն» մշակութային կենտրոն: Պատվիրակության անդամները Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս տեր Վազգեն Միրզախանյանի ուղեկցությամբ այցելել են նաև Խոջիվանքի հայոց մեծերի պանթեոն, ուր հանգչում են Հովհաննես Թումանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Մուրացանը, Ջիվանին և այլք։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն