Գրողների միությունը ոչխարների փարախ չէ
Հասարակություն
Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, և միության նախագահի թափուր տեղի համար կկազմակերպվի արտահերթ ընտրություն:
Գրողների միության անդամները 525-ն են, որոնցից 386-ը Հայաստանի գրողներն են, 43-ը` Արցախինը, 96-ը` սփյուռքահայ: Սփյուռքահայ գրողներն ընտրությանը կարող են մասնակցել հեռահաղորդակցության միջոցով:
Գրողների միության մի խումբ երիտասարդներ որոշում էին կայացրել առաջարկել գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի թեկնածությունը:
Լուրեր.com-ի հետ զրույցում երիտասարդների կողմից իր թեկնածությունն առաջարկելը Արքմենիկ Նիկողոսյանը բացատրեց այն հանգամանքով, որ ինքը Գրողների միությունում ունի 10 տարվա փորձ, երիտասարդների հետ տարել են լուրջ աշխատանքներ, տպագրել են ամսագրեր, օրաթերթեր, զբաղվել հրատարակչական գործունեությամբ:
Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ հանել է իր թեկնածությունը:
«Պատճառը մեկն է` մեր երկրում, մասնավորապես` Գրողների միությունում, ընտրության չափանիշը պետք է լինի ոչ թե անձը, այլ` առաջընթացի գաղափարները: Այս պարագայում մենք նպատակահարմար չգտանք մասնակցել ընտրություններին»,-ասաց նա:
Այն դիտարկմանը, որ այսօր Գրողների միության նախագահի պաշտոնի համար հավակնում է երկու անուն` Հովիկ Հովեյան և Էդվարդ Միլիտոնյան, ո՞ւմ է ինքը սատարելու, Նիկողոսյանը նշեց.
«Ես կողմնակից էի, որ միությունում` մեր կառավարման համակարգում, շատ բան փոխվեր, չլինեին հին դեմքեր, լինեին երիտասարդներ, ավելի թարմ մտածողությամբ մարդիկ, բայց այս դեպքում ես անձամբ գոնե հակված եմ ընտրել Էդվարդ Միլիտոնյանին»:
Հարցին, որ մամուլում շրջանառվում են կարծիքներ, որ Գրողների միության նախագահն ընտրվում է նախագահականի «դաբրոյով», Նիկողոսյանն ասաց.
«Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, թեկուզ միայն այն առոումով, որ Գրողների միությունը ոչխարների փարախ չէ, և այդ տեսակ հայտարարությունը նշանակում է վիրավորել, եթե ոչ բոլոր գրողների, ապա` մեր լավագույն գրողների արժանապատվությունը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն