ԱԺ պատգամավորներն ԱԻՆ-ում
Քաղաքական
Հոկտեմբերի 18-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն էին այցելել Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:
Այցի նպատակն էր ծանոթանալ ԱԻՆ գործունեությանն ու ձեռքբերումներին, Ճգնաժամային կառավարման կենտրոնի և 911 ծառայության աշխատանքներին:
ԱԻ նախարար Ա. Երիցյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նախարարության վարչական շենքում, եղան Ճգնաժամային կառավարման կենտրոնում և 911 ծառայությունում, այցելեցին ԱԻՆ պոլիկլինիկա:
Ճգնաժամային կառավարման կենտրոնում ԱԺ պատգամավորներին հանգամանալից ներկայացվեցին կենտրոնի տեխնիկական հնարավորությունները, կիրառվող ծրագրերն ու աշխատանքային պայմանները:
ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում նախարար Երիցյանը, շնորհակալություն հայտնելով պատգամավորներին այս նախաձեռնության համար, ներկայացրեց նախարարության վերջին ձեռքբերումները և առաջնահերթ ուղղություններով կատարվող ընթացիկ աշխատանքները:
-Այսօր Գառնիում կառուցում ենք միջազգային ստանդարտների սեյսմիկ դիտակայան, Բալահովիտում է տեղակայվելու հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, վերջերս մեզ հանձնվեց Ստեփանավանի օդանավակայանը՝ այնտեղ ևս իրականացնում ենք շինարարական աշխատանքներ, շարունակվում են աշխատանքները Լուսակերտի մեր ուսումնական բազայում: Ինչպես տեսնում եք, բոլոր ուղղություններով շարժվում ենք առաջ, - ասաց Արմեն Երիցյանը։
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանը, շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար, նշեց, - Մեզ համար մեծ պատիվ է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: ԱԻՆ-ի ձեռքբերումներն ակնառու են, իրականում կատարվել է հսկայածավալ աշխատանք, որի արդյունքները տեսանելի են ոչ միայն մեզ՝ խորհրդարանականներիս, այլ նաև ողջ հասարակության համար: Իմ գլխավորած հանձնաժողովը օրենսդրական գործունեություն է ծավալում պաշտպանության, անվտանգության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների ոլորտներում: Մենք արդեն արդյունավետ համագործակցում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, վերջերս քննարկել ենք պետական նյութական պահուստի, ինչպես նաև սեյսմիկ պաշտպանության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:
-Ցանկալի կլիներ մոտ ապագայում քննարկումներ կազմակերպել ԱԻ ոլորտի, մասնավորապես՝ փրկարար ծառայության համակարգի զարգացման վերաբերյալ: Նախատեսում ենք այցելել նաև ձեր նախարարության մարզային ստորաբաժանումներ, ուսումնասիրել առկա վիճակը և առաջարկություններ անել, -հավելեց Կ. Նահապետյանը:
Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր խոսքում նշեց, - Շատ քիչ կառույցներ կան, որտեղ առաջին իսկ քայլից տեսնում ես, որ կայացած կառույց է` հստակ քաղաքականությամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այդ կառույցներից է։ Մամուլում և հեռուստատեսությամբ ամեն օր ականատես ենք լինում, որ ձեր աշխատակիցները մարդկանց կողքին են գտնվում։ Այսօր տպավորությունս այնպիսին էր, որ գտնվում եմ զարգացած որևէ եվրոպական երկրի փրկարարական կառույցում։ Եվ ես ուրախ եմ, որ այս ամենը տեսնում եմ մեր երկրում։
- Անկախ կուսակցական պատկանելությունից, մենք բոլորս մեկ գործ ենք անում ու կարծում եմ, որ անելիքներ դեռ շատ կան: Շնորհակալ եմ ձեր գնահատականի համար, շնորհակալ եմ, որ մեր կողքին ենք, -եզրափակեց նախարար Երիցյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների ռիսկի նվազեցման գործոնը զարգացման ծրագրերում ներառելու, ԱԻՆ գույքի և տեխնիկական միջոցների ձեռքբերման, կադրերի հոսունության խնդիրները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն