«Հետապնդում են այլ կրոնական դավանանք ունեցող անձանց. այս գործից վատ հոտ է փչում»
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ն այսօրվա խմբագրականում գրում է.
«Ինչ-որ երիտասարդական կազմակերպություն իր առջև նպատակ է դրել պայքարել աղանդների դեմ և մեր էլեկտրոնային փոստը հեղեղում է նամակներով, ասուլիսներ տալիս, հայտարարություններ անում՝ բացահայտելով «ժողովրդի թշնամիներին»:
Թողնենք մի կողմ, թե այս երիտասարդներն ինչու են իրենց վրա վերցրել նման «ազգափրկիչ» գործունեություն, և ով է նրանց ստիպում զբաղվել մի գործով, որից ակնհայտորեն վատ հոտ է փչում: Դառնանք այն փաստին, որ Հայ առաքելական եկեղեցուն դավանել-չդավանելը մարդու անհատական ընտրության հարց է: Եթե պետությունն ընդունել է «Խղճի ազատության մասին» օրենքը, թույլ է տվել, որ տարբեր կրոնական կազմակերպություններ գրանցվեն և գործունեություն ծավալեն իր տարածքում, կնշանակի հավատքի, դավանանքի, տարբեր կազմակերպություններին հարելու ազատություն է սահմանված մեզանում: Իսկ նրանք, ովքեր խախտում են օրենքը՝ կրոնական անհանդուրժողականություն են քարոզում, հետապնդում են այլ կրոնական դավանանք ունեցող անձանց, պետք է պատժվեն:
Ընդ որում՝ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հասկանում եմ, որ սա դուր չի գա Հայ առաքելական եկեղեցուն և նրա որոշ հավատացյալներին, որոնք ամեն կերպ փորձում են Հայաստանում պետական եկեղեցու կարգավիճակ տալ Սբ. էջմիածնին և նրա համար հատուկ մենաշնորհյալ պայմաններ ստեղծել, բայց օրենքը, կարծեմ, մենք չենք ընդունել: Այն ընդունված է և ենթակա է կատարման: Իսկ պարապությունից, թե ինչ-որ շահագրգռություններից ակտիվացած երիտասարդներին, ովքեր զբաղված են սրա-նրա դեմքը բացահայտելով, շոու-բիզնեսի այս կամ այն աստղի եկեղեցական համակրանքներն ու կրոնական հայացքները դատափետելով, պետք է հասկացնել, որ դրանով Սահմանադրությունն եք ոտնահարում և մարդու ազատությունների դեմ ոտնձգություն կատարում: Դադարեցրեք:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը