ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստին մասնակցել է նաև Փաշինյանը. նրանց միջև չի եղել վերջին ամիսներին նկատվող սառնությունը
Հայկական Մամուլ
ԱԺ ՀԱԿ խմբակցության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը տեւական ժամանակ, ըստ էության, խզել էր իր կապերը գործընկերների հետ: Արտահերթ նիստում քննարկվել է խորհրդարանական միջազգային պատվիրակություններում ՀԱԿ ներկայացուցիչների վերանշանակման հարցը, քանի որ Հովիկ Աբրահամյանի կարգադրությունից հետո խմբակցությունները պետք է նորից առաջադրումներ անեն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում որոշել են այդ պատվիրակություններում իրենց ներկայացուցիչներին չփոխել եւ առաջադրել նաեւ խմբակցության հետ, ըստ էության, իրենց կապերը խզած Նիկոլ Փաշինյանի ու Հրանտ Բագրատյանի թեկնածությունները: Եվ երեկվա արտահերթ նիստը հրավիրվել է նրանց համաձայնությունը ստանալու համար: Բագրատյանը ՀՀ-ում չլինելու պատճառով չի մասնակցել նիստին, իսկ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը:
Մեր տեղեկություններով՝ նիստի ժամանակ Փաշինյանի ու ՀԱԿ մյուս պատգամավորների միջեւ չի եղել վերջին ամիսներին նկատվող սառնությունը: Չի բացառվում, որ Փաշինյանը նորից սկսի մասնակցել ՀԱԿ նիստերին. այդ թեմայով եղել են փոխադարձ ակնարկներ: Ինչ վերաբերում է Բագրատյանին, ապա ՀԱԿ խմբակցությունը նրա հետ կապ է հաստատել էլեկտրոնային փոստի միջոցով. ՀԱԿ-ում սպասում են նրա պատասխանին: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, որ խմբակցության արտահերթ նիստում քննարկվել է միայն խորհրդարանական պատվիրակություններում ներկայացուցիչներ նշանակելու հարցը:
Մանրամասները` «Ժողովուրդի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը