ՀԱԿ-ը չի մասնակցի քվեարկությանը, «որպեսզի ՀՀԿ-ական կեղծարարներն ընդդիմության դեմ կեղտոտ խաղ չխաղան»
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: Քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցի հարցի քվեարկությանը:
Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Ազգային ժողովում Գևորգ Կոստանյանի` Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու քվեարկությանը, որը բուռն քննարկումներ էր առաջացրել արդյունքների հրապարակումից հետո, երբ ընդդիմությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու, սակայն արդյունքների հրապարակումից հետո դեմ ձայները եղել էին ընդամենը երեքը:
«Փակ քվեարկությունները ստեղծված են հենց նրա համար, որ մարդիկ կարողանան ազատորեն դեմ քվեարկել այն դեպքերում, երբ նրանց նկատմամաբ հնարավոր են ճնշումներ, բայց պետք է իսկապես շատ աղճատված տրամաբանություն ունենալ` պնդելու համար, որ հնարավոր է հակառակը, այսինքն, որ հրապարակավ դեմ արտահայտվողը կարող է կողմ քվեարկել մի վիճակում, երբ պարզ է, որ ներկայացված թեկնածուն հաստատվելու է ջախջախիչ մեծամասնությամբ:
Այս առումով` ես որևէ կասկած չեմ ընծայում հրապարակայնորեն հնչած բոլոր հավաստիացումներին և հավատում եմ Ալիկ Արզումանյանին, Ռուբիկ Հակոբյանին, Նիկոլ Փաշինյանին, Հրանտ Բագրատյանին, Լյուդմիլա Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Արամ Մանուկյանին, Ստեփան Դեմիրճյանին, երբ նրանք հրապարակավ պնդում են, որ քվեարկել են Կոստանյանի դեմ»,-ասաց Զուրաբյանը:
Վերջինիս խոսքերով` միակ բացատրությունը կեղծարարությունն է:
«Միակ բացատրությունն այս իրողության այն է, որ տեղի է ունեցել խայտառակ կեղծարարություն հենց Ազգային ժողովի պատերում, որի միակ նպատակը եղել է ընդդիմության վարկաբեկումը և ընդդիմության մեջ փոխադարձ մեղադրանքերի հրահրումը, ուստի` նման հնարավորություն չտալու համար մենք որոշում ենք ընդունել չմասնակցելու կեղծարարության այս ֆարսին, որպեսզի հանրապետական կեղծարարները չստանան նորից մի հնարավորություն ընդդիմության դեմ կեղտոտ խաղ խաղալու»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն