Յուրի Վարդանյանն ընդունեց Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարարին
Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասաարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր ընդունեց Ուրուգվայի Զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին. տեղեկացնում է msy.am-ը:
Արգենտինահայ նախարարին պաշտոնակցի մոտ ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի նորանշանակ դեսպան Անիբալ Կապրալին և Մոնտեվիդեոյի տուրիզմի տնօրեն Րաֆֆի Ունանյանը:
Հայազգի քաղաքական, պետական գործչի հետ հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:Երկու երկրների նախարարների հանդիպումը մեկնարկեց ծանոթությամբ:
«Ուրուգվայի Տուրիզմի և սպորտի նախարարության հետ իրավական կամ գործնական հարթությունում մինչ այս չի եղել որևէ համագործակցություն»,- նկատեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը և հույս հայտնեց, որ այս պաշտոնական հանդիպմանն անպայմանորեն կհետևեն գործնական քայլեր՝ հատկապես մարզական ոլորտում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ ունեցան երկու երկրների հնարավոր համագործակցության ուղիների, ինչպես նաև մարզական ոլորտում համատեղ իրականացվող նախագծեր շուրջ: Երկու երկրների նախարարները փոխանակվեցին հուշանվերներով, Լիլիամ Քեշիշյանն իր հետ կտանի ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության անվանական ոսկե ժամացույցը:
Արգենտինահայ նախարարը Հայաստանի գործընկերոջ ուղեկցությամբ եղավ նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում: Այստեղ նա ծանոթացավ հայկական շախմատի պատմությանը, հիացմունքով մի քանի րոպե հետևեց շախմատի դպրոցական 8-րդ օլիմպիադային մասնակից սաների խաղերին, այնուհետ շրջեց մարզական կառույցի տեխնիկապես հագեցած սրահներով:
Լիլիամ Քեշիշյանը նշեց, որ քաջածանոթ է հայկական մարզաշխարհին, հետևում է հայ մարզիկներից շատ-շատերի խաղերին, և իբրև մեծ ֆուտբոլասեր՝ առանձանկի կարևորությամբ հիշատակեց ֆուտբոլի ազգային հավաքականի Դանիայի հետ խաղից դրվագներ' ասելով, որ հպարտությամբ է հետևել մեր տղաների ցուցադրած խաղը:
Հաշվի առնելով Հայաստանում շախմատի ու ֆուտբոլի զարգացման տեմպերը՝ նախարարն ընդգծեց, որ այս պահին էլ նշված երկու մարզաձևերում տեսնում է համագործակցության ռեալ հնարավորություններ:
Ավելի ուշ նախարարներն այցելեցին նաև Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում