Հեռարձակել ավագանու նիստերը եւ լրացնել վավերացվող պայմանագրերի շարքը
Քաղաքական
12 նոյեմբերի, 2013թ. Երեւան: Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Ա. Բախշյանը, Ս. Սաֆարյանը, Գ. Բաղդասարյանը նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ են դրել որոշման նախագիծ Երեւանի ավագանու Կանոնակարգում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:
Նախագծով առաջարկվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հեռարձակել Երեւանի ավագանու հրապարակային նիստերը: Առցանց հեռարձակումը թեեւ չի կարող փոխարինել քաղաքացիների՝ ավագանու նիստերին ֆիզիկապես մասնակցելու օրենքով ամրագրված իրավունքին, այդուհադերձ այդ իրավունքի մասնակի իրացման գրավական է: Առցանց հեռարձակումը նաեւ կնպաստի ավագանու աշխատանքների թափանցիկությանը, դրանց նկատմամբ հանրության ուշադրության ավելացմանը:
Որոշման նախագծի հաջորդ կետով առաջարկվում է Երեւանի քաղաքապետի կնքած ու ավագանու կողմից վավերացման ենթակա պայմանագրերի շարքին դասել հանրային ծառայությունների ոլորտում քաղաքապետի եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջեւ կնքվող պայմանագրերը:
Ներկա դրությամբ Երեւանի բնակչությանը մատուցվող բազմաթիվ ծառայությունների դեպքում քաղաքապետի ու իրավաբանական անձանց միջեւ կնքված եւ կնքվող պայմանագրերը շրջանցում են ավագանու ինստիտուտը, ինչը ծնունդ է տալիս հարցերի եւ կասկածների, ինչպես օրինակ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման «Փարքինգ սիթի» ՓԲԸ-ի հետ քաղաքապետի կնքած պայմանագիրը:
Ի դեպ երկու առաջարկներն էլ բխում են ոչ միայն իրավիճակից, այլեւ նախատեսված են եղել «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական ծրագրով:
«Բարեւ Երեւան» խմբակցություն


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն