Էս ի՞նչ բյուջե եք բերել. Հրանտ Բագրատյան
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր սկսվեցին 2014թ. բյուջեի քննարկումները:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցով դիմեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին. «Էս ի՞նչ բյուջե եք բերել. եկամուտներին վերաբերում է 1 էջ: ՀՀ սահմանադրությամբ՝ բյուջեն եկամուտներ ու ծախսեր են, այս բյուջեում չկա բացատրություն աճի վերաբերյալ, չկա ճյուղ առ ճյուղ եկամուտների վերլուծություն, ինչպես ճյուղ առ ճյուղ ծախսերն են, չկա, ըստ հարկատեսակների, կանխատեսում: Ինչո՞վ կարող եք բացատրել վարչապետի այն հայտարարությունը, որ համաշխարհային տնտեսության աճը նվազել է, ինչպե՞ս եք դա ապացուցում: Ծրագրային բյուջետավորում. որտե՞ղ է, որ թղթով տեսնեմ, թե սա ծրագրային է, թե՝ ինչ: Ուսուցիչը ստանում է աշխատավարձ, հիմա ասում եք՝ ծրագրային աշխատավարձ է ստանում, ծրագրայինը այսպես եմ հասկանում՝ բերեիք 1200 էջին կցեիք մատրիցային աղյուսակներ՝ ցույց տալով, որ այս կամ այն ծախսը այս կամ այն տողում այս մատրիցայի էլեմենտի մեջ է. չկա ծրագրային բյուջետավորում, լոկ խոսքեր են: Այս բյուջեն ձևով նույնն է, ինչ անցյալ տարի էր:
Հաջորդ հարցը. ասում եք էներգետիկ ճգնաժամի պատճառով մեր աճը դանդաղել է, Ձեզ հարց եմ տալիս՝ միավոր պայմանական վառելիքը մաքսազերզծման գնով Հայաստանում ներմուծված ինչքա՞ն է եղել 2012, 2013-ին»:
Հրանտ Բագրատյանի հարցերին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց.
«Եկամուտներ, ծախսեր և այլն, եկամուտերի մասին այնտեղ կա, բայց հաստատ մեկ էջ չի. ես հիմա դժվարանում եմ ասել քանի էջ է, բայց հաստատ մեկ էջ չի: Հարկատեսակ առ հարկատեսակ կա այնտեղ, ուրիշ հարց է, որ ձևը կարող է լավը չլինել կամ ընդունելի չլինել, կարող ենք նստել առանձին ծախսատեսակները քննարկել: Հարկային մասին կուզեի մի փոքր անդրադառնալ. հարկերն իսկապես մեկ էջում չեն նշված, 118-րդ էջում եկամուտների ամփոփումն է, 121-128 էջերը բոլոր հարկատեսակներն են, կանխատեսումների բացվածքը»,-ասաց Սարգսյանը` հավելելով, որ ինքը համաձայն չէ պատգամավորի այն տեսակետի հետ, թե սա ծրագրային բյուջե չէ:
«Այն, որ ասում եք՝ ծրագրաին բյուջե չկա, ճիշտն ասած, ես կհամաձայնվեի, եթե ասեիք, որ այն, ինչ ներկայացված է, գուցե ավելի լավ կարելի էր գրել, կամ աշխատանքի տեղ կա, բայց թո՛ւյլ տվեք չհամաձայնել, որ ծրագրային բյուջե որպես այդպիսին չկա»,-ասաց Սարգսյանը:
Համաշխարհային աճի հետ կապված՝ նախարարը նշեց, որ կարող է ցուցանիշներ ներկայացնել հրապարակված համաշխարհային տնտեսական աճի կապակցությամբ, և հավելեց, որ Եվրամիության երկրներում կանխատեսվում է 0.4 % տնտեսական անկում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն