Հինգ հոգով տասնհինգ երգ եք երգում
Քաղաքական
ՀՀ ԱԺ-ում այսօր արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը: Նա, անդրադառնալով բյուջեի նախագիծը անխնա քննադատողներին, նշեց, որ ոմանք խոսում են քաղաքական մերժողականության լեզվով և ոչ թե հստակ քննադատության, ինչի իրավունքն ունեն:
«Ես ուրախ եմ, որ կա բազմակարծություն: Բայց նրանք ամեն ինչը տեսնում են սև ակնոցով և խոսում հուսահատության մասին: Իսկ որևէ մեկը իրեն հարց չի տալիս՝ եթե կա այդ հուսահատությունը, ապա քաղաքական ընդդիմության մեղքը դրանում կա, թե՞ չկա: Այն, որ 5 հոգով 15 երգ եք երգում․․․: Ձեզ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հայտնվել եք քաղաքական պրոցեսների լուսանցքում և այս ամբիոնը ցանկանում եք օգտագործել նոր ըննդիմական դաշինքների համախմբման համար: Ի սեր Աստծո, որքան ուզում եք, համախմբվեք: Ես կողմ եմ այդ համախմբումներին, բայց ոչ այն դեպքում, երբ այդ համախմբումները լինում են ոչ թե գաղափարական տեսանկյունից, ապա դրանք դատապարտված են ձախողման»,- բավական վրդովված հայտարարեց Շարմազանովը:
Խոսելով մեր երկրի առջև ծառացած խնդիրների մասին՝ նա նշեց, որ պետության համար կան 3 մարտահրավերներ: «Մարտահրավեր համար մեկ՝ անվտանգության համակարգի ամրապնդում, մարտահրավեր համար երկու՝ աղքատության նվազեցում, և համար երեք՝ ծնելիության ավելացում: Այս բյուջեի մեջ կա այս հարցերի պատասխանները: Բավարար է, թե ոչ, ձեր ցանկությունների բյուջեն է, թե ոչ, դա այլ խնդիր է»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահը՝ որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, նշեց, որ 2014 թվականի բյուջեն իրենց երազանքների բյուջեն չէ: «Բայց անընդունելի եմ համարում, երբ մեր պետության անվտանգության համակարգը պետք է ուժեղանա, և մարդիկ դրա մասին ոչ մի բան չեն խոսում»,- նշեց Շարմազանովը՝ մեջբերելով Թոնի Բլեերի խոսքը՝ այն պետությունը, որը չունի անվտանգության համակարգ, այնտեղ չի կարելի խոսել ոչ ժողովրդավարության, ոչ տնտեսական բարեփոխումների, ոչ էլ սոցիալական պաշտպանվածության մասին:
Շարմազանով նաև նշեց, որ իր խորին համոզմամբ՝ հիմա համար մեկ խնդիր է ծնելիության բարձրացումը: «Բյուջեի այս նախագծում խթանվում է ծնելիությունը»,- ասաց նա՝ համաձայնվելով, որ բյուջե 2014-ը շատ խոցելի տեղեր ունի: «Բայց քննադատել այն, ինչը գոյություն չունի, ամեն ինչ ներկայացնել սև ակնոցով, չի բխում առաջին հերթին հենց ձեր շահերից, քանի որ նմանատիպ գործունեության արդյունքնում եք դուք հայտնվել քաղաքական պրոցեսների լուսանցքում»,֊ նշեց նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն