Վարչապետը դժգոհում է ընդդիմությունից (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի արտահերթ նիստում որոշեց 2014-ի պետբյուջեի նախագծի քվեարկությունը հետաձգել չորս օրով: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ամփոփիչ ելույթում ասաց.
«Գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիայի բարձրագույն մակարդակ. սրանք կարևորագույն մարտահրավերներ են, միևնույն ժամանակ` լրջագույն վտանգներ, որոնք խոչընդոտում են երկրի բնականոն զարգացմանը: Եվ այն, որ մեր մեր կառավարությունը, մեր իշխանությունը, մեր քաղաքական թիմը արձանագրում են, որ այս խնդիրները առկա են, ստեղծում է նաև ինչ-որ առումներով դժվարություններ մեր ընդդիմախոսների համար, որովհետև նրանք փորձում են բացահայտել այլ լրջագույն երևույթներ և քննադատության համար փաստարկներ, որոնք, ցավոք սրտի, շատ հաճախ լինում են անհիմն: Դա, իհարկե, չի նպաստում երկխոսությանը: Մենք պատրաստ ենք մասնագիտական քննարկումների, պատրաստ ենք ցանկացած հարցադրմանը տալ պատասխան, պատրաստ ենք մասնակցել լսումներին, որոնք ԱԺ-ում կկազմակերպվեն, ձեզ մտահոգող բոլոր հարցերի շուրջ մանրակրիտ մոտեցումներ ներկայացնել` ինչպես ենք այդ խնդիրները ուզում լուծել: Պատրաստ ենք բանավիճել` ձեր առաջարկները ավելի արդյունավե՞տ են, թե՞ ավելի արդյունավետ են կառավարության ներկայացրածները:
Այստեղ ամպագոռգոռ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ անել, անհին մեղադրանքներ տեղալ կառավարության հասցեին ոչ մի լավ բանի չեն բերելու, ինչպես որ չեն բերել վերջին 23 տարվա ընթացքում: Դա ճիշտ ճանապարհ չէ, և 23 տարվա մեր երիտասարդ պետության փորձը ցույց է տալիս, որ այդպիսի ռազմավարություն ընտրող ընդդիմախոսները ձախողվում են: Հաջողության են հասնում այն ընդդիմախոսները, որոնք աշխատում են կոնստրուկտիվ դաշտում, որոնք ունեն ասելիք, հանդես են գալիս առաջարկություններով: Անխուսափելիորեն, դա գնահատվում է և’ իշխանությունների, և’ ժողովրդի կողմից»:
Առավել մանրամասն` տեսանյութում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն