Ամերիկյան մոտեցմամբ` ռեստարտ, կամ «թափ հաղորդելու» պատրաստակամություն Սարգսյան-Ալիև հանդիպմանը
Լուսանկարներ
Վիեննայում երեկ կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում ասված է. «Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով»:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայնՙ համանախագահների հայտարարությունում ասվում է, որ հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովից հետո:
«Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների եւ նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ», տեղեկացվում է պաշտոնապես:
Ըստ այդմ, նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներինՙ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքըՙ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Հայտարարությամբ նշվում է. «Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»:
Հետագայի առնչությամբ երեկվա հայտարարությունը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա դեկտեմբերի 5-ից 6-ը Կիեւում: «Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչեւ ընթացիկ տարվա վերջ», այսպես է ավարտվում մեջբերումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)