ԵՄ անդամակցության հեռանկարը հանվել է վիլնյուսյան հռչակագրի տեքստից
Քաղաքական
Վիլնյուսյան գագաթնաժողովից օրեր առաջ Եվրամիության անդամ երկրները ի վերջո համաձայնության են եկել այն փաստաթղթի շուրջ, որը ստորագրելու են Արևելյան գործընկերության անդամ վեց երկրների հետ։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակին, մասնավորապես, հայտնի է դարձել ստորագրվելիք հռչակագրի տեքստը, որը, նրա խոսքով, առանձնապես ոգևորիչ չէ գագաթնաժողովի նախաշեմին եվրոպական ասոցացումից ետ կանգնած երկրների համար։
«Փաստաթղթի նախնական տարբերակը հղում էր անում Եվրամիության համաձայնագրի 49-րդ հոդվածին ու խոստանում, որ եվրոպական չափանիշներին ու արժեքներին հետևելու դեպքում նորանկախ այս երկրները նույնպես կարող են ինչ-որ մի օր դառնալ Եվրամիության լիիրավ անդամ։ Այժմ այդ դրույթը հանվել է, ինչը նշանակում է, որ հնարավոր անդամակցության հեռանկարը իրատեսական չէ անգամ առաջիկա 10-15 տարվա ընթացքում»,- պարզաբանում է Յոզվիակը։
Լիիրավ անդամակցություն խոստանալու փոխարեն փաստաթղթի նոր տարբերակը ընդամենը նշում է, որ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են՝ «որոշ երկրների եվրոպական նկրտումները, ինչպես նաև խորը և կայուն ժողովրդավարություն կառուցելու՝ նրանց հանձնառությունը»։ Թե ո՞ր երկրների մասին է խոսքը՝ փաստաթղթում հստակ չի նշվում, եվրապաշտոնյաների հետ մասնավոր զրույցներում, սակայն, ըստ Ռիկարդ Յոզվիակի, Ուկրաինայից և Հայաստանից հիասթափության ալիքը չի մարում։
«Անշուշտ, տեքստի այս «վերաձևակերպումները» վկայում են, որ ներքին քննարկումներում հաջողության են հասել Եվրամիության ընդարձակմանը դեմ երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան ...սակայն, մյուս կողմից, եթե Ուկրաինան և Հայաստանը առավել մեծ ակտիվություն ու համագործակցություն դրսևորեին, կարող էին ավելիին հասնել։ Այլապես ինչպե՞ս կարող են հիմա այս ծրագրով շահագրգռված երկրները՝ ասենք, Լեհաստանը, Շվեդիան, կռիվ տալ պետությունների համար, որոնք վերջին պահին փոխում են իրենց որոշումն ու վատ վիճակի մեջ դնում ողջ Եվրամիությանը»։
Ուշագրավ է, որ փաստաթղթի նախնական այս տարբերակում, ճիշտ է փակագծում, բայց այդուամենայնիվ, դրույթ կա Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին, ինչը հուշում է, որ Բրյուսելը դեռևս վերջնականապես հույսը չի կորցրել և ակնկալում է, որ վերջին պահին Յանուկովիչը կարող է միտքը փոխել։ Հայաստանի մասով որևէ այսպիսի հիշատակում չկա: Ռիկարդ Յոզվիակի խոսքով, Բրյուսելը դեռևս քննարկում է պաշտոնական Երևանի հետ առանձին կնքվելիք փաստաթուղթը, որն ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2-3 ամիս անց։
Մանրամասն` azatutyun.am-ում


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն