Գործուղում Չիլի, առաջարկ իջնել փողոց և այլ տարբերակի ընտրություն. ԱԺ-ն քվեարկեց կուտակային կենսաթոշակի մասին հարցը
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենսդրական առաջարկությունը:
Քվեարկության արդյունքում` նախագիծը չընդունվեց 46 կողմ ձայնով, քանի որ դեմ քվեարկողների թիվը 54 էր, ձեռնպահ չկար:
«Հարգելի՛ պատգամավորներ, պարզապես պարտքս եմ համարում ձեզ ասել հետևյալը: Մեզ միշտ ասում են` սա Էստոնիան է, երբ գնացինք Էստոնիա, ասեցինք, որ էդպես չէ, և այլևս Էստոնիայի անուն չեն տալիս, հիմա էլ ասում են, թե այդ համակարգը չիլիականին է նման: Ես առաջարկում եմ ՀՀԿ-ին` փող գտե՛ք, մեկ-երկու հոգու ձեզանից գործուղե՛ք Չիլի, և կտեսնեք, որ Չիլիում էլ այդպես չի»,-ելույթ ունենալով` ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: «Չորս խմբակցությունով և լուրջ նախաձեռնությամբ, բազմահազար մարդկանցով դիմեցինք ձեզ` քաղաքացիական հանդուրժողականության կոնստրուկտիվ քվեարկության: Խորհրդարանային տարբերակը դուք չընդունեցիք, մենք կընտրենք ուրիշ տարբերակ»,-ասաց Արամ Մանուկյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշեց. «Ես կառաջարկեմ շատ ավելի կարճատև գործուղում, քան Չիլին, այստեղ ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսք էր տալիս բացատրություններ տալ լրագրողներին այս քվեարկության մասին: Ես կառաջարկեմ իջնել փողոց և բազմահազար երիտասարդությանը բացատրություններ տալ, թե դուք ինչու այսպես քվեարկեցիք: Ձեր քվեարկության տրամաբանությունը բացատրե՛ք ձեր ժողովրդին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն