Ինչպե՞ս են տուգանվում Ս. Սարգսյանին, Տ. Սարգսյանին, Հ. Աբրահամյանին սպասարկող մեքենաները. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
«Պետական բյուջեի` 2014 թվականի նախագծում եկամուտների մասում այլ եկամուտներ բաժնում կա մի այսպիսի տող, որ նախատեսում է հավաքագրել գումարներ գործադիր իշխանության մարմինների կողմից կիրառվող տուգանքներից: Սրանց մեջ են մտնում նաև ՃՏՊ-ների խախտման համար գանձվող տուգանքները: Այդ տուգանքները վերջին շրջանում գանձվում են արագաչափերի գործադրմամբ, և մենք բոլորս գիտենք, որ այդ արագաչափերի գործադրումից հետո ՀՀ բոլոր քաղաքացիները մի քանի անգամ ավելի շատ տուգանքներ են վճարում, քան նախկինում, և մամուլի հրապարակումների համաձայն` այդ ձեռնարկությունը տնօրինում է Սերժ Սարգսյանի եղբայրը»: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքերով` այս փաստերի համադրությամբ հարց է ծագում:
«Ինչո՞ւ ուրեմն այլ եկամուտներ բաժնի բյուջեի իմ նշած հոդվածով կանխատեսվող եկամուտնեը ոչ թե ավելանում են, այլ` նվազում, և ինչքանով է այս փաստը կապված նրա հետ, որ այդ գումարները, որոնք հասնում են մի քանի միլիարդ դրամի, տնօրինում է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը», - հարցրեց Փաշինյանը:
Վերջինիս ի պատասխան` ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց. «Դուք նշեցիք, որ մենք բոլորս ավելի շատ քանակությամբ վճարներ ենք անում այդ խախտումների համար, բայց մեր երկրում մարդիկ ավելի քիչ են սկսել խախտել և ավելի քիչ են վճարում: Ցավալի է, որ մենք` բարձրաստիճան պաշտոնյաներս, դեռևս շարունակում ենք խախտել, քան միջին վիճակագրական քաղաքացիները: Այդ է պատճառը, որ եկամուտները 2014 թվականի համար, որոնք որ ձևավորվում են այդ տուգանքներից, ավելի քիչ են պլանավորվել քան 2013 և 2012 թվականներին»:
Նախարարի պատասխանին արձագանքելով` ՀԱԿ պատգամավորն ասաց. «Դուք պնդում եք, որ հիմա, ընդհանուր առմամբ, այդ արագաչափերի և տեսախցիկների գործադրման արդյուքնում տուգանքներից գանձվող եկամուտները ոչ թե աճել են, այլ նվազե՞լ: Երկրորդը` գոյություն ունի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության սկզբունք, և դուք գիտեք, որ այդ տուգանքները գանձվում են համապատասխան արագաչափերի և տեսախցիկների կողմից ավտոմեքենայի պետական համարանիշները ֆիքսելու միջոցով: Հարց է ծագում` ինչպե՞ս են, օրինակ, տուգանվում Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանին սպասարկող մեքենաները, քանի որ նրանց դիմային մասում որևէ պետհամարանիշ չկա»:
Դավիթ Սարգսյանը, պատասխանելով, ասաց. «Երբ ես ասում էի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, նկատի ունեի ինձ և անձամբ ձեզ, որվհետև դուք հենց ասացիք, որ դուք բոլորդ, մենք բոլորս ավելի շատ ենք վճարում: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, իրենք պարզապես չեն խախտում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն