Ինչո՞ւ են փակել հայ-վրացական միջպետական ճանապարհը. գյուղապետի պարզաբանումը
Հայաստան
Արդեն տևական ժամանակ է` փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, վարորդները օգտվում են շրջանցիկ ճանապարհից, որը տեղ-տեղ քարուքանդ է և վտանգավոր, հատկապես` ձմռանը:
Լուրեր.com-ը զրուցեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի հետ` ճշտելու, թե երբ կբացվի միջպետական ճանապարհը, և արդյո՞ք շրջանցիկ ճանապարհը պատշաճ մաքրված է:
Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջպետական ճանապարհն անվտանգության առումներով մինչև օրս փակ է: Թե երբ կբացեն, գյուղապետն ասաց, որ դեռ ժամանակ նշել չի կարող, անորոշ է:
«Ճանապարհը փակ է անվտանգության նկատառումներով: Այս պահին գյուղի վրա կրակոցներ չկան, ամեն ինչ խաղաղ է, անգամ` Բաղանիսի այգիները, որոնք գտնվում են փակ տարածքում, գյուղացիները կարողանում են գնալ և հանգիստ աշխատել»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ գյուղացիներն օգտվում են շրջանցիկ ճանապահից, որը փակվել էր մեկ անգամ` եղանակային պայմանների պատճառով, ինչից հետո Նոյեմբերյանի ճանապարհաշինարարական ընկերությունը եկել է, աղ ցանել, մաքրել, և ճանապարհը բացվել է:
Հիշեցնենք, որ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածը փակ է դեռևս նոյեմբերի սկզբից: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ ճանապարհը փակելու համար ասել էր. «Ճանապարհի այդ հատվածը փակ է, սակայն միայն այն պատճառով, որ անվտանգությունն ամրապնդելու աշխատանքներ են ընթանում, որևէ այլ պատճառ չկա»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից