70 կողմ, 40 դեմ. տեղի ունեցավ 2014թ. բյուջեի նախագծի քվեարկությունը
Քաղաքական
Ազգային ժողովում քվեարկության դրվեց 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը դեմ է քվեարկելու բյուջեին:
«2014 թվականի պետբյուջեի դեմ քվեարկելու որոշումն ամրապնդվեց Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի ելույթը լսելուց հետո. նա վիճակագրություն բերեց ծայրահեղ աղքատության մասին և կես խոսք չասաց, որ այս վիճակը ստեղծվել է նաև այն պատճառով, որ գործող կառավարությունը չի կատարել նախկինում իր ստանձնած բազմաթիվ պարտավորություններ: Ինչ վերաբերում է ապագայի խոստումներին, դրանց կարելի է լուրջ վերաբերվել այնքանով, որքանով կատարվել են Կառավարության՝ նախկինում տրված խոստումները:
Ես ուզում եմ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանը 2013 թվականի մարտի 18-ին ասել է, որ այն Կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա:
Բյուջեի նախագծում Կառավարությունը նախատեսել է 5.8 տոկոս տնտեսական աճ»,-եզրափակեց Փաշինյանը:
Վարման կարգի վերաբերյալ խոսեց նաև անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը` նշելով, որ Կառավարությունն իր ուղարկած առաջարկներին դրական պատասխան է տվել, ուստի՝ ինքը կողմ է քվեարկելու պետբյուջեին:
Պետբյուջեի օրենքի նախագիծն ընդունվեց 70 կողմ, 40 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն